Ապրիլի 30-ին ագրիթեք սրահում «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի շրջանակում հավաքվել էին հին խնդիրների նոր լուծումներ որոնելու կամք ու վճռականություն ունեցող ուսանողները (քոլեջի եւ բակալավրիատի տարբեր մասնագիտություններից): Սկզբում նրանք շատ ուշադիր եւ հետաքրքրությամբ լսեցին Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանին: Թեման՝ «Նորարարական եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ»:
Բանախոսի հավաստմամբ, մտքերի գեներացման փուլում են գտնվում եւ հետեւում են, թե աշխարհն ուր է գնում: Իսկ աշխարհի՝ համընդհանուր հոգսերը շատ մոտ են բոլորիս. կլիմայի փոփոխություններ, նվազող բնական պաշարների՝ հատկապես ջրի խիստ պակաս, գյուղատնտեսության սակավ գրավչություն եւ ոլորտում աշխատուժ ներգրավելու դժվարություններ:
Բայց, չնայած այս ամենին, ավելի ճիշտ հակառակ դրանց՝ մարդ արարածն ուզում է ուտել:
Այնուհետեւ համընդհանուրից անցնելով մեր խնդիրներին՝ պարոն Ուռուտյանը զատեց հատկապես հողի անարդյունավետ մշակման (երկրի գյուղհողերի առնվազն 50 տոկոսն անմշակ է), հին տեխնոլոգիաներ եւ ենթակառուցվածքներ: Իբրեւ այս ամենի հետեւանք՝ աղքատության բարձր ցուցանիշ: Եւ տնտեսության վարման նորագույն մեթոդ-միջոցներ՝ գյուղատնտեսություն 4.0, իրերի համացանց (IOT), թվային գլոբալ երկվորյակներ, ագրոբոտներ, որոնք կյանքի կոչելու բոլոր հնարավորություններն ունի երիտասարդությունը:
Ուսանողները հետաքրքրված էին ու հարցեր ուղղեցին՝ ստանալով լիարժեք պատասխաններ:
«Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի մասնակից ուսանողները վարժանքների մի քանի փուլ անցնելուց հետո պետք է մրցեն B2B ձեւաչափով եւ ընտրված լավագույն մեկ հոգին մեր երկիրը կներկայացնի միջազգային հարթակում: Ուստի «Անտրոհուս» (անտրոհելի + ուսուցում բաղադրիչներից է կազմված) կրթական հիմնադրամից Ավագը եւ Անին ( վերջինս մեր բուհի փայլուն շրջանավարտներից է, որ անանձնական նվիրումով լծվել է հատկապես մարզերում ուսումնառության որակը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու կարեւոր գործին), թիմային եւ անհատական շատ հետաքրքիր, կիրառական վարժություններ անցկացրին մեր սաների հետ: Սովորեցրին մտածել առանց կարգախոսների, գաղափարը տարանջատել լուծման ուղիներից, ձեռնպահ մնալ շտապողական գնահատականներից:
Անշուշտ, անելիքներ դեռ կան: Շատ կան: Կա նաեւ ժամանակ: Թեեւ՝ կարճ: Մենք ուշադրությամբ կհետեւենք եւ ընթերցողներին կներկայացնենք այս հետաքրքիր ծրագրի ողջ ընթացքը: