Ընդամենը երեք օր առաջ էր, որ առիթ ունեցանք հիացմունքով պատմելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա․-ի անվան թիվ 168 հիմնական դպրոցի սաների (կենսաբանության ուսուցչուհի՝ Մարինա Սարգսյան) խիստ նպատակային այցի մասին: Պատանիները եկել էին Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի նույնանուն բաժնի (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյան) լաբորատորիայում կաթնամթերքի որակի ուսումնասիրման փորձ կատարելու:
Այսօր՝ փետրվարի 13-ին, նրանք ամփոփում էին «դրված» փորձի արդյունքները: «Ի՞նչ սովորեցիք» անմեղ հարցին արձագանքը բուռն էր: Բոլորը, առանց բացառության, խանդավառված, շողուն աչուկներով եւ միաժամանակ սկսեցին պատմել իրենց տպավորությունները՝ ինչ տեսան – փորձի ընթացքն ինչպիսին էր եւ ինչ եզրահանգումներ արեցին:
Այս շատ կարեւոր դիտարկումներից հետո պատանիները ցանկություն էին հայտնել ծանոթանալու բուհի ընձեռած այլ հնարավորություններին եւս: Անտոն Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Սարոյանը հանգամանորեն ներկայացրեց եւ քոլեջում, եւ վարժարանում ուսումնառությունը շարունակելու շահեկան ուղին, մասնագիտությունները եւ դրանց շնորհիվ բացվող աշխատանքային հեռանկարները, միջազգային լայն համագործակցության աշխարհագրությունը:
Աշակերտները եղան դրոնների կենտրոնում, մի քանի փորձ էլ քիմիայի լաբորատորիայում կատարեցին: Շատ էին ուզում սեփական ձեռքերով շոկոլադ պատրաստել, ցավոք այսօր հնարավոր չէր: Բայց հոգ չէ, այս՝ ուշիմ, հետաքրքրությունների ընդգրկուն ներկապնակ-սանդղակ ունեցող մարդիկ նորից կայցելեն Ագրարային: Համոզված ենք: Մենք էլ միշտ սիրով կսպասենք: