ԱԷԿ-ՍԷԿ եւ Ագրոբիզնես մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողների համար վիճակագրության ամփոփիչ դասը, կարծում ենք, անմոռանալի կլինի: Դասախոսը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գոհար Վարդանյանը բաց դասի էր հրավիրել ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանին (սիրով ընդգծենք, որ նրա հայրը՝ դոցենտ Խաչիկ Ավագյանը մեր բուհի երախտավորներից է):
Բանախոսը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի կառուցվածքն ու գործունեության օրենսդրական կարգավորումները: Տարեկան եւ հնգամյա (ռազմավարական նշանակության) ծրագրերը ձեւավորվում են սպառողների պահանջների ուսումնասիրության միջոցով: Դրանք ուղարկվում են՝ կարծիքի, այդ թվում մեր լավագույն մասնագետներից մեկին՝ հենց տիկին Վարդանյանին:
Ցուցակների ցանկեր, մեթոդաբանություն, տվյալների հավաքման եղանակներ, պարբերականություն. վիճակագրությունը այս գործոններով պայմանավորված կարող է հավակնել պաշտոնական լինելու: Վիճակագրական կոմիտեն անկախ է, եւ գլխավոր արտածողն է տվյալների: Ի վերջո, որևէ ոլորտ խելամիտ կառավարելու համար հավաստի-արժանահավատ տվյալներ են պետք: Աշխարհի բոլոր երկրներում էլ վիճակագիրները քննադատության թիրախում են, եւ մեզնից շատերը չեն էլ ուզում պատկերացնել, որ փոքրաթիվ ուժերով մարդիկ ահռելի-պատասխանատու եւ շատ կարեւոր գործ են անում:
Դասի երկրորդ հատվածը պրոֆեսոր Վարդանյանը նվիրել էր սննդային առողջ զամբյուղի հաշվարկներին: Շեշտենք, որ նա Առողջապահության նախարարության եւ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ մասնակցում է սննդային զամբյուղի ձեւավորման հաշվարկներին: Հանրային առողջության տեսակետից անգնահատելի նշանակություն ունեցող, դժվարին մի գործ: