Գիտական խորհրդի երեկվա՝ հոկտեմբերի 15-ի հերթական նիստում, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, օրակարգի առաջին հարցով հաստատվեցին 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուները (թեկնածուների ցուցակը ներկայացրեց ՈՒԳԿՎ պետ Արմեն Աղասարյանը)։ Հարցի առնչությամբ պարոն Զաքոյանը շեշտեց ուսանողներին հետազոտական ծրագրերում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտությունը։
Երկրորդ հարցով քննարկվեցին եւ հաստատվեցին գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ում իրականացվող գիտահետազոտական, դրամաշնորհային ծրագրերի տարեկան եւ ամփոփիչ հաշվետվությունները։ Քննարկումը որքան ժամանակատար, նույնքան էլ հետաքրքիր էր՝ հարցեր, շահագրգիռ քննարկում, երբեմն էլ «քննական» արձագանքներ հրահրող։ Ասել, թե մեր գիտնականների ուսումնասիրությունների ոլորտները հետաքրքիր ու արդիական էին, կնշանակի գրեթե ոչինչ չասել։ Չի կարող չգոհացնել այն հանգամանքը, որ ակնհայտորեն բարելավվել են հետազոտությունների կիրառական արդյունավետությունը, ստացված տվյալների ու գիտական արդյունքների՝ թերեւս աննախընթաց հավաստիությունը եւ ագրոպարենային ոլորտի ապագա անխուսափելի զարգացումներին ներդաշնակ միտումները։
Թեմաներն ընդգրկում են՝ կլիմայափոխության պայմաններում բույսերի կենսաբազմազանության ուսումնասիրության ամբողջական մոտեցում, երկրագործության տեխնոլոգիաների կլիմայահարմար բարելավմանը վերաբերող ուսումնասիրություններ, այնպիսի նոր ոլորտներ, ինչպիսիք են մաթեմատիկական կենսաբանությունը, կանաչ քիմիան, գյուղնշանակության հողերի կադաստրային արժեքի գնահատման՝ մեր գիտնականների առաջարկած նորագույն եւ շատ արդյունավետ մեթոդաբանություն, գյուղատնտեսական մշակաբույսերի կաթիլային ոռոգման նորմերի նորովի հաշվարկման եղանակներ եւ այլն։ Կատարված մեծ ծավալի աշխատանքների մի մասի արդյունքները տեսանելի են նաեւ գիտական թեզերի պաշտպանության տեսքով եւ, որ շատ կարեւոր է՝ արդեն բուն ոլորտներում կիրառման առումով։
Գիտխորհրդի անդամներից Աշոտ Ոսկանյանը (ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն), ըստ էության արտահայտելով գիտխորհրդի մնացած անդամների կարծիքը, նշեց. «Գիտխորհրդի այսօրվա նիստը վերահաստատեց մեր համալսարանի լուրջ գիտական ներուժը․ մեր խնդիրը այդ ներուժի պատշաճ իրացումն ու հանրայնացումն է»։
Գոհունակության համար ավելի թույլ հիմքեր կան, սակայն, օրակարգի հաջորդ հարցի համատեքստում Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի արտահայտած մտահոգությունների բերումով։ Միջազգային շարժունության ասպարեզում հայաստանյան առաջատար բուհերից մեկը (եթե ոչ առաջատարը) որոշակի հետընթաց է ունեցել հատկապես ուսանողների շարժունության հարցում․ էրազմուս + ծրագրի շրջանակում ուսանողների համար առկա տեղերի 85 տոկոսը, իսկ դասախոսական տեղերի ավելի քան 30 տոկոսը թափուր է մնում։ Այլ պատճառների շարքում, հիմնական պատճառը, այնուամենայնիվ, անգլերենի չիմացությունը կամ ոչ բավարար իմացությունն է։ Դեպարտամենտի պետի վկայությամբ, այս պատկերն առկա է 2020-ից հետո։ Իսկ վերջին մեկ տարվա ուրախալի իրողություններից մեկը ագրոկենսատեխնոլոգիական հոսքում շարժունության բարելավված պատկերն է։ Դեպարտամենտի ջանքերով ՀԱԱՀ-ը համագործակցություն է իրականացնում եւրոպական 42 համալսարանի հետ, մասնակցում կարողությունների զարգացման մի շարք կարեւոր միջազգային ծրագրերի, համադրում դրանցից մեկը։ Շարժունության մասնակիցների՝ եւրոպական իրենց փորձը ՀԱԱՀ իրենց գործընկերներին հաղորդելու հարցում եղած խզումը եւ դասավանդման եւ վերապատրաստման ծրագրերի մասնակիցների ընտրության առկա գործելակերպը դարձան բավականին բուռն քննարկման առարկա։ Համալսարանի միջազգայնացման ուղղությամբ կարեւոր անելիքներից մեկը եղած խոչընդոտների վերացումն է։ Այս առումով, դեպարտամենտի պետի համոզմամբ, լուծումը շարժունության արդյունքների հաստատութենականացման ուղղությամբ դեպարտամենտի եւ կրթական ծրագրերի պատասխանատուների ջանքերի արդյունավետ համատեղումն է։
Ամփոփելով նիստը, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նշեց, որ պայմանագրային ֆիննսավորմամբ գիտական ծրագրերի իրականացման առումով ձեռքբերումններն ակնհայտ են։ Առաջարկեց որոշակիորեն փոխել հաշվետվությունների ներկայացման ձեւաչափը, որով կշեշտադրվի, մասնավորապես, ստացված գիտական արդյունքի կարեւորությունը։ Անելիքներ ունենք առհասարակ հաշվետվողականությունը բարելավելու եւ բարձրաձայնված թույլ կողմերը ուժեղացնելու ուղղությամբ։ Պարոն Զաքոյանը շահագրգիռ բոլոր կողմերին առաջարկեց-հանձնարարեց համապատասխան առաջարկություններ ներկայացնել։