Արման Խոջոյանը ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ հունիսի 2-ի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ, պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը։
ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի պաշտոնում առաջադրվեց եւ խորհրդի՝ նիստին ներկա անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվեց խորհրդի անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Խոջոյանը նշեց, որ իր մասնագիտական եւ մարդկային որակները շատ բանով պայմանավորված են եղել հարազատ համալսարանի, նաեւ խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամ դասախոսների ունեցած ավանդով։
Նիստն այնուհետեւ վարեց Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արման Խոջոյանը։ Քննարկված օրակարգային հարցերը ներառում էին «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարեցման եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին միացման ձեւով վերակազմակերպմամբ պայմանավորված քոլեջի գույքային իրավունքների ու պարտավորությունների՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին «Հանձնման ընդունման» արձանագրության, նույն վերակազմակերպմամբ պայմանավորված՝ համալսարանի (ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի մասով) հաստիքացուցակում փոփոխությունների եւ Վանաձոր մասնաճյուղի բյուջեի նախահաշվի փոփոխման հաստատումը։ Այս հարցերի հաստատման վերաբերյալ քվեարկությամբ համապատասխան որոշումներ ընդունելուց հետո խորհուրդը հաստատեց նաեւ Գնումերի մասին ՀՀ օրենքի ընթացակարգով իրականացված 2022 թ․ ֆինանսական տարվա հաշվետվությունների (ֆինանսական գործունեության) աուդիտ իրականացնող ընկերությանը։
Նիստի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, հանդես եկավ դրամաշնորհային հինգ նոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությամբ, որը նույնպես հաստատեց խորհուրդը։
Ամփոփելով օրակարգային հարցերի քննարկումը, Արման Խոջոյանը շեշտադրեց խորհրդի անդամների համագործակցության, կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում համատեղ աշխատելու, կարեւոր հարցերի ընթացիկ քննարկումների անհրաժեշտությունը՝ հրաժարվելով միայն խորհրդից խորհուրդ հանդիպելու գործելակերպից։ Նա շեշտադրեց գյուղատնտեսության ոլորտում այսօրվա եւ վաղվա արագընթաց զարգացումներին պատրաստ լինելու կարեւորությունը եւ երկրի ագրարային ոլորտի զարգացման գործում Ագրարային համալսարանի բացառիկ դերակատարությունը։
Հոգաբարձուների խորհուրդը նաեւ կայացրեց խորհրդի նախագահի բացակայության դեպքում վերջինի պարտականությունները խորհրդի անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին վերապահելու մասին որոշում։