Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանն ընդունեց Արարատի մարզի Արարատ գյուղի համար 3 միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտներից բաղկացած խմբին՝ քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Բաղրամյանի գլխավորությամբ։ Բոլոր լաբորատորիաներում ու կենտրոններում, որ եղան արարատցի ուշիմ, կարգապահ ու նպատակասլաց աշակերտները՝ նրանց ընդունեցին ջերմորեն, հատկացված կարճ ժամանակահատվածում բացատրեցին ագրարային մասնագիտությունների կարեւորությունը երկրի համար եւ ոլորտի մասնագետների առջեւ բացվող գրավիչ հեռանկարները։
Արարատցի դպրոցականները, ինչպես վայել է առհասարակ հայաստանցի պատաններին ու աղջիկներին՝ հետաքրքիր էին, պրպտող, հարցասեր, գնահատող, գեղեցիկ։ Այս խումբն առանձնացավ իր հասուն մոտեցումներով եւ Ագրարային համալսարան դիմելու վերաբերյալ տեղում կայացրած որոշման մասին բարձրաձայնած աշակերտների բավականին մեծ թվով, ընդ որում եղան նաեւ կոնկրետ մասնագիտություն նշողներ։ Հետաքրքրականն այն է, որ նրանք այդ մասին խոսում էին միանգամայն լրջորեն, իրենց խոսքի արժեքը գիտակցելով։ Ակնհայտ է, որ առաջին անգամ Ագրարային համալսարան ոտք դնող աշակերտները ոգեւորության ալիքի վրա չէ, որ կայացնում են այդպիսի կարեւոր որոշում․ ապագա մասնագիտության հարցում կողմնորոշման ուղղությամբ դպրոցում երեխաների հետ վստահաբար աշխատել են ուսուցիչները, մասնավորապես տիկին Բաղրամյանը։
Մեզ մնում է գյուղատնտեսության եւ ագրովերամշակող արտադրության հայտնի համայնքներից մեկի՝ Արարատ գյուղի նոր սերնդին բարի գալուստ մաղթել եւ հավաստիացնել, որ բացի այն ամենից, ինչ նրանք տեսան համալսարանի նորարարական ենթակառույցներում եւ բացի դասախոսների ու աշխատակիցների արհեստավարժ ու նվիրված աշխատանքից, օրեցօր արդիականացվող ու անընդհատ աճող պահանջարկ վայելող ագրարային մասնագիտություններով սովորելը նաեւ լուրջ սոցիալական բեռից կազատի նրանց եւ ծնողներին՝ ամսական 70-ից 77 հազար դրամ կրթաթոշակի տեսքով։
























