Ավարտվել է անասնաբուժական կիրառական համաճարակաբանության վերապատրաստման պիլոտային ծրագիրը

Ավարտվել է 2025 թ. փետրվարի 17-ին մեկնարկած «Անասնաբուժական կիրառական համաճարակաբանության վերապատրաստում-Առաջնագիծ» (ԱԿՀՎ) պիլոտային դասընթացը, որն իրականացնում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի (ԿՎՆԾ) տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ:

ԱԿՀՎ պիլոտային դասընթացի իրականացման գործում ԿՎՆԾ-ի աջակցությունը ներառել է ԱԿՀՎ-Առաջնագիծ ուսումնական ծրագրի եւ ձեռնարկների թարգմանությունը հայերեն, ինչպես նաեւ ԱԿՀՎ ծրագրի հաստատութենականացմանն ու Հայաստանում երկարաժամկետ հաջողությանը նպաստելու նպատակով դասընթացավարների/մենթորների ուսումնական աշխատաժողովը:

ԱԿՀՎ-Առաջնագիծ ծրագիրը մշակել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) եւ Տեխասի A&M համալսարանի Ագրիլայֆ գիտասփյուռ ծառայության կենդանիների վարակիչ հիվանդությունների ինստիտուտը: Ծրագիրն օգտագործում է ուսուցման կիրառական,  գործնական, ներծառայական մեթոդներ՝ առաջնագծում աշխատող հմուտ անասնաբույժներ պատրաստելու համար, որոնք կկարողանան արդյունավետ կերպով իրականացնել հիվանդությունների հսկողություն եւ արձագանքել բռնկումներին:

ՀԱԱՀ-ի իրականացրած պիլոտային դասընթացը ներառում էր 4 մեկշաբաթյա լսարանային աշխատաժողովներ, ինչպես նաեւ ՀԱԱՀ դասընթացավարների եւ մենթորների կողմից վերահսկվող առաջադրանքների իրականացում աշխատավայրում:

Պիլոտային դասընթացը կենտրոնացած էր հիվանդությունների հսկողության եւ բռնկման հետազոտության վրա, ներառյալ՝ հիվանդության հսկողության տվյալների հավաքում եւ վերլուծություն, հաղորդակցություն եւ զեկուցում, աշխատանքի ընթացքում մասնագիտական մոտեցման ցուցաբերում եւ էթիկական նորմերի պահպանում:

Դասընթացը հաջողությամբ ավարտեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 5 եւ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 3 աշխատակից: