Այսօր՝ հունիսի 18-ին, «Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրի շահառուները պաշտպանում էին ավարտաճառերը: Նրանցից շատերը բակալավրիատից հետո աշխատանքի են անցել իրենց մասնագիտությամբ, եւ տեսությունն ու կիրառման ասպարեզը համատեղում են ակնհայտ հաջողությամբ՝ Մարիամ Աղաբաբյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից է, Քրիստինե Դավթյանը՝ Կադաստրի կոմիտեի: Արման Արշակյանը ղեկավարում է ՎեոլիաՋուր ընկերության Վարդենիսի համայնքի ստորաբաժանումը: Նրա թեման առավել քան արդիական էր, եզրակացություն-առաջարկություններն էլ՝ կենսագործելի: Արմանը ջրի կորուստները նվազեցնելու եւ բազմաբնակարանային շենքերի վերին հարկերի ջրամատակարարումը լավարկելու հստակ նախագիծ է առաջարկել: Պաշտպանությունից հետո իր աշխատանքը կքննարկի հիշյալ ընկերության պատասխանատուների հետ:
Գյուղատնեսության ոլորտում ագրոդրոնների միջոցով ոռոգման խնդիրներին նվիրված աշխատանքի հեղինակին ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը հարցրեց.
-Մեր լաբորատորիայի ընձեռած հնարավորությունները օգտագործե՞լ ես,-պատասխանը ժխտական էր,-իսկ ո՞ւմ համար է այս ամենն արվում,-արդարացիորեն նեղսրտեց դեկանը:
Հանձնաժողովի նախագահ, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական հարցերով ազգային համակարգող, կ.գ.թ. Վահան Ամիրխանյանը նկատեց, որ մեր երկրում ջրային վերջին աղետը, որ աննախադեպ էր ծավալներով, մեկ անգամ եւս հաստատում է, որ կենսական նշանակության այս ոլորտի մասնագետները կարեւոր դեր եւ անելիք ունեն: Նա նշեց, որ մագիստրոսական թեզերին ներկայացվող պահանջները բնականաբար ավելի բարձր են, թեմաներն՝ ավելի հրատապ խնդիրների նվիրված, առաջարկություններն ավելի կենսագործելի:
Մեր երիտասարդները պատվով հաղթահարեցին իրենց կրթության եւ առաջընթացի եւս մեկ փուլը: