Լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 95-ամյակը։ Նշանակալից հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին, մանկավարժին եւ ավագագույն ընկերոջը ջերմորոն շնորհավորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամբողջ մեծ ընտանիքը։
Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թ․ օգոստոսի 31-ին, Երեւանում։ Ճիշտ մեր համալսարանի տարեկիցն է․ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը հիմնադրվել է 1930 թ․ հուլիսի 23-ին։ 1955 թ․ ավարտելով ՀԳԻ-ի մեքենայացման ֆակուլտետը, աշխատանքային գործունեությունը սկսել է ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում որպես ասիստենտ։ Այդպես է սկսել դասախոսի, գիտնականի իր փառավոր ուղին (Ստեփան Մարգարյանի գիտամանկավարժական եւ հասարակական գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ):
Անշուշտ, ագրարային ոլորտի գիտնականների, դասախոսների, ուսանողների բազում սերունդների, իր իսկ պատրաստած պրոֆեսիոնալ կադրերի համար մեծագույն օրինակ է պրոֆեսոր Մարգարյանի անցած փառավոր ուղին։ Սակայն ոչ պակաս առինքնող, օրինակելի ու գեղեցիկ օրինակ է ցույց տալիս նա Ագրարային համալսարանի այսօրվա´ սերնդին՝ իր ամենօրյա ստեղծագործ աշխատանքով, կատարյալ ողջամտությամբ, հարուստ հոգով, պայծառ լավատեսությամբ եւ այո՝ երիտասարդ էությամբ ու կենսախինդ բնավորությամբ։
Շնորհավորում ենք պրոֆեսոր Մարգարյանին, մաղթում ամուր առողջություն եւ երկար տարիների կյանք, որ մենք բոլորս՝ իր ընտանիքը, ընկերները, Ագրարայինի մեծ ընտանիքը, վայելենք նրա գեղեցիկ, ուժեղ, օրինակելի ու քաջալերող ներկայությունը։






