2003 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը հայտարարել է աշխատանքի անվտանգության միջազգային օր, որը նշվում է ավելի քան 100 երկրում: Տոնին ընդառաջ, այսօր՝ ապրիլի 22-ին, «Անվտանգությունը լրացուցիչ բեռ չէ՝ քո ամենօրյա աշխատանքում, այն քո աշխատանքի լավագույն արդյունքն է» կարգախոսով Ագրիթեք սրահում ի մի էին եկել այդ շատ կարեւոր հարցերով զբաղվող լավագույն մասնագետները եւ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողները: Հյուրերին ողջունեցին Մեքենասարքավորումների ճարտարագիտության եւ տեխանվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Մարինա Բարսեղյանը, նույն ամբիոնի դասախոսներ՝ տ.գ.թ., դոցենտ Լիանա Խաչատրյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի փոխդեկան Լիանա Հակոբյանը:
Բանախոսները՝ Ստեփան Շահումյանը, Դավիթ Ադամյանը, Եղիշե Սարգսյանը, Լիանա Խաչատրյանը եւ Արմեն Աղասարյանը շատ հագեցած տեղեկատվությամբ թեմաներ էին պատրաստել: Թիրախում հենց պատանիներն էին, որոնք արդեն փորձում են աշխատանքային առաջին քայլերն անել: Ուստի կարեւոր է, որ օրենսդրության ու կանոնակարգերի իմացության միջոցով նրանց իրավունքներն ու անվտանգությունը լիովին պաշտպանված լինեն:
Բոլոր զեկուցողները անմիջական, պարզ, մատչելի, վստահելի ոճով պատանիներին ներկայացնում էին խնդիրները ու դրանց լուծման ուղիները: Ի պատիվ մեր սաների եւ դասախոսների պետք է նկատենք, որ նրանք նախնական շատ կայուն գիտելիքներ ունեին (եւ դա նկատեցին մեր հյուրերը), ոգեւորված արձագանքում էին բանախոսներին, հարցեր էին տալիս, տեսակետներ էին արտահայտում: Հենց այս աշխուժությունն էլ կազմակերպիչներին հուշեց, որ պետք է եւս մեկ՝ ավելի աշխատանքային հանդիպում կազմակերպել, որտեղ ուսանողները կկարողանան հարցեր ուղղել իրենց սրտի ուզածի չափով: Չէ որ հայտնի իրողություն է՝ աշխատողն է ամենաթանկ կապիտալը, իսկ մեր փոքր ածու ժողովուրդը այդ հարստության հանդեպ անփույթ լինելու իրավունք պարզապես չունի: