Աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպի արմատավորմանը զուգահեռ՝ այդ ձեւաչափով փորձուսուցումների ավարտին ուսանողների հաշվետվությունների պաշտպանությունը տարբեր ֆակուլտետներում ու ամբիոններում ուսումնական պլաններով նախատեսված սոսկական ընթացակարգ չէ միայն։ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա եւ Ջերմատնային ագրոտեխնիկա մասնագիտությունների ուսանողների «կատարմամբ» հերթական նման հաշվետվությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ամբիոնը, դասախոսները, փորձուսուցման վայրերի գործընկերները եւ իրենք՝ ուսանողները լուրջ աշխատանք են կատարել։
Պատահական չէ, որ ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ դասախոսները ակնհայտորեն գոհ էին արդյունքներից (թեեւ պարոն Թովմասյանը սկզբունքային է ավելիին հասնելու իր մոտեցման մեջ)։ Աշխատանքային կիսամյակը ծառայել է իր նպատակին մի քանի առումներով՝ ուսանողները ոգեւորված են ձեռք բերածով, էլ ավելի են «մոտեցել» իրենց ընտրած մասնագիտություններին եւ, գործնական փորձով զինված՝ նոր ակնկալիքներով ու նոր հայացքով են մտադիր շարունակել տեսական ուսումնառությունը համալսարանում։
ՀԱԱՀ ջերմատանն իր կիսամյակն անցկացրած՝այլ համալսարանի շրջանավարտ, Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման 6-րդ կուրսի ուսանող Լեւոնին առինքնել է ջերմատան պատասխանատուների եւ ամբիոնի ստեղծած աշխատանքային ու մարդկային միջավայրը եւ իր բավականին բարդ փորձերը հաջողությամբ կատարելու հնարավորությունները։ Համալսարանի ջերմատանը ձեռք բերած արժեքավոր փորձի շնորհիվ նա շատ շահեկան վիճակում է հայտնվել արդյունաբերական հսկա ջերմատնային տնտեսությունում։
Հեռակայի մեկ այլ ուսանող՝ առաջին մասնագիտությամբ հաշվապահ աշխատող Ստելլան էլ խոստովանեց․ «Հողի հետ առաջին անգամն էի գործ ունենում․․․ եւ հիմա ես ինձ տեսնում եմ հենց գյուղատնտեսության ոլորտում․ սա մի աշխարհ է, որ հնարավոր չէ չսիրել ու չնվիրվել»։
Աշխատանքային կիսամյակից հետո ուսանողները հանդես են գալիս առնվազն ուշագրավ, իսկ հաճախ՝ լուրջ նորարարական մասնագիտական առաջարկներով։ Այս հաշվետվություններով ներկաները, կարելի է ասել, կանխավայելեցին պաշտպանվելիք դիպլոմային աշխատանքների թեմաների ու թիրախների հետաքրքրությունը։
Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հասցրեց ներկա լինել նաեւ այս հաշվետվությանը․ դեկանը քաջատեղյակ է բառացիորեն բոլոր ուսանողների փորձուսուցման ընթացքին, որը հիմնականում հաջողության պատմությունների շատ գոհացուցիչ շարք է։ Խնդիրներ, անշուշտ, չեն կարող չլինել, բայց դրանք ֆակուլտետում եւ ամբիոնում լուծվում են այնպիսի արագությամբ եւ արդյունավետությամբ, որ ընդհանուր գործընթացն անցնում է անխաթար։ Ի վերջո ագրոնոմիականում աչքաթող չեն անում այն հանգամանքը, որ հենց իրենք են առաջինը համալսարանում եւ երկրում «փորձարկել» ու հաջողության հասել աշխատանքային կիսամյակի նորարարական եւ, ինչպես այս երկու տարվա արդյունքներն են ցույց տալիս՝ խիստ արդյունավետ ձեւաչափի հարցում․ ուրեմն գործելակերպի հետագա զարգացման լավագույն օրինակն էլ իրենցից է ակնկալվում։
- 29/11/2023
- 2023