Աշխատաժողով՝ նվիրված անասնաբուժական-անասնաբուծական ծառայությունների լավարկմանը

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) մարտի 28-30-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպել էր աշխատաժողով` նվիրված Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների անասնաբուժական-անասնաբուծական ծառայությունների, աշխատանքների լավարկմանը, զարգացմանը: Մեր բուհից այդ կարեւոր նախաձեռնությանը մասնակցում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը:

«Անասնաբուժական աշխատուժի զարգացման միջոցով տարածաշրջանային կարողությունների զարգացում» ծրագիրը ներառում է քայլեր, գործողություններ, որոնք կարող են օգնել երկրներին բարելավել իրենց մամասնագետների ներուժը եւ բարձրացնել անասնաբուժական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը:

Աշխատաժողովը լայն հնարավորություն էր տալիս, որ տարբեր երկրներից ժամանած մասնագետները տեղեկանան իրենց ոլորտում կատարվող նոր, ժամանակակից հետազոտությունների-ուսումնասիրությունների արդյունքների մասին, եւ երկրները ներգրավվեն անասնաբուժական աշխատուժի արդյունավետ պլանավորման մեջ: