Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները խաղում են «Թույլ օղակ»

Հոկտեմբերի 24-ին Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Ուսանողական խորհուրդը Փափուկ հմտությունների կենտրոնում կազմակերպել էր «Թույլ օղակ» մտավոր խաղ՝  ընդգրկելով գիտության, տնտեսության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներին վերաբերող խիստ բազմազան հարցեր։ Բուն նախաձեռնությունը ինքնին կարեւոր իրադարձություն դարձավ քոլեջականների առօրյայում, սակայն առաջին հերթին պետք է նշել հարցերի ընտրության, դրանց ճանաչողական հետաքրքրության գործում կազմակերպիչների խորաթափանցությունն ու համակարգային մտածողությունը։

Մասամբ օլիմպիականին նմանվող մրցակարգով անցկացված մրցույթին մեծ հետաքրքրությամբ հետեւեցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչները։ Առաջին եւ երկրորդ մրցանակակրներին պատվոգրեր հանձնելուց առաջ պարոն Զաքոյանը ջերմորեն ողջունեց քոլեջի ուսանողներին եւ քաջալերեց շարունակել նման միջոցառումների անցկացումը, իհարկե՝ նաեւ մի քանի անհրաժեշտ խորհուրդ տալով։ Իր սիրելի ուսանողներին ողջունեց ու խրախուսեց նաեւ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը։

Առաջին մրցանակ եւ ռեկտոր Զաքոյանից համապատասխան պատվոգիր ստացավ Վարդուհի Գրիգորյանը։

Քոլեջի ուսանողները հերթական անգամ ապացուցեցին, որ լավ սովորելուց եւ մասնագիտական կայացման իրենց նպատակները հաջողությամբ հետապնդելուց բացի կարողանում են ուսումնառության տարիները հագեցնել փափուկ հմտությունների յուրացման, որպես անհատ եւ քաղաքացի ձեւավորվելուն միտված ձեռնարկումներով։