Անտառի միջազգային օրը եւ Անտառագետի օրը Ագրարային համալսարանում

Մարտի 21-ին՝ Անտառի միջազգային օրը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հավաքվել էր, կարելի է ասել, Հայաստանի անտառային ոլորտի ընտրախավը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ։ Շահակիցների բավականին ներկայացուցչական համայնքի պատվիրակների նպատակը միայն տոնը նշելը չէր։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ միջոցառումը անտառի՝ որպես ամենամեծ կենսաբազմազանությունն ունեցող էկոհամակարգի խնդիրների մասին իրազեկելու, լուծումներ առաջարկելու լավ հնարավորություն է։ «Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եղած սակավ անտառները, դրանց կենսաբազմազանությունը եւ միաժամանակ կատարել անտառվերականգնման եւ անտառտնկման աշխատանքներ։ Մենք պարտք ունենք անտառին եւ պարտավոր ենք վերադարձնել»,- ասաց պարոն Ուռուտյանը։ Այս առումով նա ըստ արժանվույն գնահատեց ոլորտում ակտիվորեն գործող կազմակերպությունների դերը։

Փոխնախարար Մեյմարյանն իր ողջույնի խոսքում անտառների պաշտպանության եւ պահպանության, կայուն կառավարման, անտառվերականգնման բնագավառում կարեւոր համարեց կրթական բաղադրիչի դերը՝ սկսած միջնակարգ դպրոցից մինչեւ համալսարան եւ առհասարակ լայն հասարակության էկոկրթությունը։ Թե պարոն Մեյմարյանը եւ թե մյուս բանախոսները շեշտեցին ոլորտում Ագրարային համալսարանի պատրաստած մասնագետների առկա պահանջարկը։ Պատահական չէ, որ դիմելով ուսանողներին՝ պարոն Մեյմարյանն ասաց․ «Մենք ձեր կարիքն ունենք»։

Նույն կոչով ուսանողներին դիմեց նաեւ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։ Երկու ամիս է, ինչ պարոն Կիրակոսյանը զբաղեցնում է այս պաշտոնը եւ վճռականորեն է տրամադրված ոլորտի խնդիրները, այդ թվում հրատապ՝ կադրային հարցը քայլ առ քայլ լուծելու հարցում։ «Հավատարիմ եղեք ձեր ընտրած մասնագիտությանը»,- սա էր նրա կոչը ապագա անտառագետներին։ Կոմիտեի նախագահը առհասարակ շատ բարձր է գնահատում բոլոր շահակիցների համագործակցությունը հանուն ընդհանուր նպատակների, որոնցից մեկը մինչեւ 2030թ․ անտառածածկ տարածքները երկրում 12,9 տոկոսի հասցնելու՝ Հայաստանի հանձնառությունը համատեղ ջանքերով կյանքի կոչելն է։ Կոմիտեի նախագահը իրազեկեց, որ այս տարի առաջին անգամ, նույն օրը՝ մարտի 21-ին, Հայաստանում նշվում է նաեւ Անտառագետի օրը, որի առթիվ նույնպես շնորհավորեց ներկաներին։

Ոլորտը երիտասարդ մասնագետներով համալրելու սուր անհրաժեշտությանը եւ մասնագիտական կրթության կարեւորությանն անդրադարձավ ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը։

Հայաստանի անտառների կայուն կառավարման գործում կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների դերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Արթուր Ալավերդյանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնություններից քաղված դասերի մասին խոսեց կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։ My Forest Armenia-ի գործունեության մասին էլ զեկուցումով հանդես եկան կազմակերպության հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանը եւ գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանը։

Թե զեկուցումներում եւ թե պանելային քննարկման ժամանակ, որ վարում էր ռեկտոր Ուռուտյանը, կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ անտառի ոլորտում մասնագետ կադրերի խիստ պակաս կա։ Պատահական չէ, որ շահակից բոլոր կազմակերպությունների (ոչ միայն թվարկվածների, այլեւ Հայաստանի ծառատունկ (ATP) ծրագրի եւ այլ կազմակերպությունների) ներկայացուցիչները, ՀԱԱՀ ուսանողներին հրավիրեցին փորձուսուցման։ Ընդ որում, բոլորը տեղյակ էին ռեկտոր Ուռուտյանի՝ աշխատանքային կիսամյակի նորարարական գաղափարի մասին եւ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ընդունելու մեր ուսանողներին՝ հիմնական աշխատանքի իրական հեռանկարով։

Քննարկումն արդյունավետ էր, մասնագիտական բարձր մակարդակով, անտառի կարեւորության գիտակցումը՝ առաջնահերթ, համագործակցության պատրաստակամությունը՝ ակնհայտ եւ հիմնավորված։ Այստեղ հարկ է նշել, որ ոչ մեծամասշտաբ, բայց արդյունավետ միջոցառման մասնակիցների ներկայացուցչականությունը, ՇՄ փոխնախարարի եւ Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահի խիստ շահագրգիռ մասնակցությունը ներկաներին «կապեց» միմյանց՝ պետական եւ մասնավոր հատվածների եւ միջազգային կառույցների՝ միասին աշխատելու իրենց ցանկությամբ եւ բավականին մեծ ներուժով։

Ճիշտ մարդկանց ճիշտ տեղում համատեղելու եւ երկրի համար կարեւորագույն հիմնախնդրի լուծումներ նախանշելու հարցում անուրանալի է ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի ներդրումը։