Անասնաբուժական ֆակուլտետի մասնագետները արտերկրից հարուստ փորձառությամբ են վերադարձել

Հուլիսի 4-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի գիտխորհրդում եւս, ներկայացվեցին ֆակուլտետի աշխատակիցների 2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում արտերկրում վերապատրաստման արդյունքները:

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ֆակուլտետի դեկան, ա. գ. թ., դոցենտ Արեւիկ Աբովյանը Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համադրող Զարուհի Հովեյանի  հետ միասին  վերապատրաստում է անցել Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա), աշխատանքային քննարկումներ ունեցել հյուրընկալող համալսարանի Ագրարային դպրոցի տնօրեն Հելդեր Վիանայի հետ, ծանոթացել դպրոցի ենթակառուցվածքներին, իրականացվող կրթական ծրագրերին, գիտահետազոտական աշխատանքներին: Հաջորդիվ մերոնք անասնաբուժական գիտությունների պրոֆեսոր Ֆերնանդո Էստեւեսի ուղեկցությամբ այցելել են մասնավոր անասնաբուժական կլինիկա եւ ծանոթացել կենդանիների պահման ու բուժման պայմաններին, անասնաբուժական միջամտությունների իրականացման առանձնահատկություններին, կլինիկայի՝ որպես ուսանողների հմտությունների ամրապնդման վայրի կիրառմանը, ուսանողների փորձուսուցումների կազմակերպմանը։ Շաբաթվա ավարտին տիկին Աբովյանը հնարավորություն է ունեցել ունկնդրելու  անասնաբուժական գիտությունների պրոֆեսոր Քրիստինա Մեգայի  դասախոսությունները որոշ ներքին ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, աշխատանքային հանդիպում ունեցել  կենսաբան Մարիա Լիմայի հետ՝ քննարկելով Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ 2020 թ․ մեկնարկած համագործակցության հետագա նոր ուղղություններ, համատեղ գիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Արեւիկ Աբովյանը բարձր գնահատեց Վիզեուի համալարանում Ագրարայինի պատվիրակության այցի արդյունքները։ Ըստ նրա, Վիզեուի համալսարանի պատասխանատուներն ամեն ինչ արել են, որ հայաստանցի գործընկերները հնարավորինս շատ բան տեսնեն-ընկալեն։ Այդ համալսարանի անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունները շատ նման են մեր համալսարանի ունեցած տեխնոլոգիական հնարավորություններին։ Տարբերությունը, ինչպես ասաց դեկան Աբովյանը՝ գլխավորապես քանակի մեջ է․ դա ուսանողներին հնարավորություն է տալիս փոքր խմբերով միաժամանակ աշխատել տարբեր կեղծակերպերով։ Տիկին Աբովյանը նշեց նաեւ, որ թեպետ Վիզեուում նույնպես կա ուսանողների պակաս, սակայն վերջին երկու տարիներին անասնաբույժ ուսանողների թիվն ավելացել է։

Տպավորիչ եւ արդյունավետ է այդ համալսարանում գործնական ուսուցման դրվածքը, որի գրավականներից մեկն էլ կենդանիների անմիջական հասանելիությունն է, որոնք պահվում են լսարաններից ոչ հեռու։ Մագիստրոսական թեզերը եւ դիպլոմային աշխատանքները գրվում են կլինիկական փորձառության հիման վրա, ինչպես մեր համալսարանում, եւ դարձյալ՝ տարբերությունը միայն կլինիկաների ընդարձակությունն է, դասախոսները գերադասում են դասերը պարզապես կլինիկայում անել։ Որպես մասնագիտությամբ սննդի փորձագետ, տիկին Աբովյանին հետաքրքրել է նաեւ Ագրարային դպրոցն իր դաշտով եւ փորձաքննությունների համար լաբորատորիայով։ Նա հասցրել է նաեւ ուսումնասիրել Վիզեուի համալսարանի ուսումնական պլանները, որոնք որոշակիորեն կօգնեն մեր ուսպլանների բարեփոխման գործում։

Տիկին Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին՝ փորձի փոխանակման եւ վերապատրաստման հագեցած, շատ արդյունավետ ծրագրի համար։

Անասնաբուժության-անասնաբուծության ուղղությամբ այս կիսամյակ համանման փորձառություն է ունեցել նաեւ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, գ. գ. թ., դոցենտ Ժիրայր Չիթչյանը Պորտուգալիայի մեկ այլ գործընկեր՝ Պորտոյի համալսարանում: Այստեղ անասնաբուժության ֆակուլտետը, ի տարբերություն համալսարանի մյուս ֆակուլտետների, ներկայանում է որպես առանձին դպրոց՝ առանձին բյուջեով, կառավարման առանձին համակարգով:

Պարոն Չիթչյանին տպավորել էր դպրոցի կարգախոսը՝ «Մի դպրոց, մի առողջություն»: Դպրոցը գտնվում է քաղաքային հիվանդանոցին կից, այստեղ պատրաստում են եւ՛ մարդու, եւ՛ կենդանիների բժիշկներ՝ միաժամանակ համագործակցելով հիվանդանոցի հետ: Մեր բուհի նման Պորտոյի անանսնաբուժական դպրոցը եւս ունի առանձին կլինիկա, սակայն՝ ավելի մեծ  տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով: Այստեղ մասնագետները միաժամանակ եւ՛ վճարովի ծառայություններ են մատուցում, եւ՛զուգահեռ վարում դասագործընթացը.

-Դասախոս անասնաբույժը մի քանի ուսանողների հետ կլինիկայում կատարում է վիրահատություն եւ ականջակալների օգնությամբ ներկայացնում ընթացքը, իսկ կուրսի մյուս ուսանողները կողքի սրահում ուղիղ համաժամանակյա հեռարձակման միջոցով հետեւում են վիրահատության ընթացքին եւ դասախոսի մեկնաբանություններին,- Պորտոյի անանսաբուժական կլինիկայի ընդօրինակելի փորձը ներկայացրեց Ժիրայր Չիթչյանը:

Համալսարանն ունի նաեւ անատոմիական թանգարան, որը ուսումնական գործընթացի կազմակերպման անքակտելի մաս է. այստեղ նաեւ վճարովի էքսկուրսիաներ են իրականացվում: Անատոմիական թանգանում ցուցադրված են ոչ միայն տարբեր կենդանիների ցուցանմուշներ, այլեւ տարբեր անիմացիոն ծրագրերի միջոցով ներկայացվում է կենդանիների, մարդկանց էվոլյուցիան՝ մեծացնելով հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ:

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, անս. գ. թ., դոցենտ Սիրանուշ Ալթունյանն էլ մեկշաբաթյա վերապատրաստման է մասնակցել Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում:

Այստեղ տիկին Ալթունյանն ուսումնասիրել է սննդի եւ ըմպելիքների նորարարական կառավարման մագիստրոսական կրթական ծրագիրը, յուրացրել ընդօրինակելի փորձը՝ ՀԱԱՀ-ում ներդնելու նպատակով: Այցելել է նաեւ համալսարանում գործող պարենամթերքի արտադրության ու փորձաքննության լաբորատորիա, հաղորդակից դարձել պարենամթերքի արտադրության-փորձաքննության ոլորտում կիրառվող մի շարք նորարարական տեխնոլոգիաների աշխատանքին:  Ի դեպ, լաբորատորիան սերտորեն համագործակցում եւ վճարովի ծառայություններ ու խորհրդատվություն է տրամադրում տեղական արտադրողներին՝ թե՛  սննդամթերքի որակի փորձաքննության, թե՛ արտադրական գործընթացում տեխնոլոգիական ուղղությամբ:

Եւ՛ տիկին Ալթունյանը, եւ՛ մյուս գործընկերները շարժունությունը որակեցին արդյունավետ, քանի որ վերապատրաստումների փորձառության շնորհիվ հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները, հաղորդակից դառնալ եւրոպական կրթական համակարգի առանձնահատկություններին,  ինչպես նաեւ նախանշել հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներ։