Այսօր, հոկտեմբերի 5-ին, մագիստրոսի աստիճանը հավաստող դիպլոմները ստացան օրգանական գյուղատնտեսություն ծրագրի առաջնեկները: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, բացելով հանդիսությունն, ասաց.
-Դժվար էր սկիզբը, բայց հեշտ էին ընթացքն ու զարգացումը: Վստահ եմ, տարեցտարի մասնագիտության կարեւորությունն ավելի ակնհայտ կլինի եւ կունենանք կադրերի մարտունակ, հզոր բանակ:
Դոցենտ Գագիկ Թովմասյանը, որպես թողարկող ամբիոնի վարիչ համոզված նկատեց, թե շատ շուտով մենք առաջին դրական արձագանքները կլսենք այս շրջանավարտների մասին: Իսկ նրանցից շատերն արդեն աշխատում են:
Օրգանական «Դարման» թեյեր արտադրող Ռուզաննա Քարտաշյանը երիտասարդներին հորդորեց բաց լինել հնարավորությունների առաջ, կանգ չառնել եւ ինքնակատարելագործվել: Եւ ընդհանրապես. «Բարի գալուստ՝ օրգանական արտադրողների աշխարհ»:
Իրենց սաների աշխատանքն ու ջանքները բարձր գնահատեցին գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, դոցենտ Սասուն Մամաջանյանը:
Դիպլոմներից բացի մագիստրոսներին հանձնեցին նաեւ Օրգանական Հայաստան ասոցիացիայի (նախագահ Լուսինե Նալբանդյան) փոխկապակցված անդամի հավաստագրեր:
Իսկ մեզ՝ սպառողներիս, համակում է շոշափելի ապագայում ավելի անվտանգ ու առողջարար մթերք վայելելու բերկրանքը: