Այգեստանցի դպրոցականների այցն Ագրարային համալսարանի օգտակար ու հաճելի եղավ

Նոյեմբերի 21-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատու Մարիամ Ատալյանը հյուրընակալել էր դպրոցականների հերթական խմբին, այս անգամ՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի՝ «Քիմիա եւ գյուղատնտեսություն» նախագծի թիմում ընդգրկված տասներորդցիներին, ուսուցչուհի Աննա Նազարյանի գլխավորությամբ։ Նախ՝ ուսուցչուհու մասին․ տիկին Նազարյանը ոչ միայն իր գործի նվիրյալն է, այլեւ նորագույն տեխնոլոգիաների դերը, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, խորապես յուրացրած եւ ըստ ամենայնի իր աշակերտների սեփականությունը դարձնելու ջատագով։

Դպրոցում իրականացրած նախագծի ընթացքում ուսուցչուհու ջանքերով աշակերտները մեծ ծավալի տեղեկություններ էին ստացել, նոր հմտություններ ձեռք բերել․ այս ամենը համադրելու եւ աշխատանքի ընթացքում առաջացած բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելու ակնկալիքով էին եկել Ագրարային։

Եվ նրանք չէին սխալվել․ մեր համալսարանի մի քանի ուսումնահետազոտական կենտրոններում՝ ջերմատանը, օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում, գյուղատնտեսական անօդաչու սարքերի լաբորատորիայում, մասնագետ դասախոսների օգնությամբ  ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները, իմացան ագրարային մասնագիտությունների իրական նշանակությունն ու գրավչությունը։

Հանդիպումների ավարտին նրանք երախտագիտություն հայտնեցին ոչ միայն իրենց դպրոցական նախագծի շրջանակում ստացած մասնագիտական կոնկրետ աջակցության, այլեւ ՀԱԱՀ դասախոսների պատրաստակամության եւ մասնագիտական կրթությունը մեր համալսարանում ստանալու լավագույն հնարավորությունները ներկայացնելու համար։