Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն․ մեծ գործերով զարգացնում ենք սեփական եւ երկրի ներուժը

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղն իր ներկա կառուցվածքով գործում է սկսած 2020 թ․-ից՝ ներառելով Կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացման բաժինը, Մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների Ազգային գենբանկը, Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության բաժինը, Գյուղատնտեսական պատրաստուկների ստացման եւ որակի վերահսկման բաժինը, Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան եւ Ստեփանավանի փորձարարական տնտեսությունը։

Վաղարշապատ քաղաքում գտնվող գիտական կենտրոնի կառուցվածքում ներառված միավորներից յուրաքանչյուրն անցել է գիտահետազոտական տարբեր, բայց բեղուն ճանապարհ: Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար․ գյուղ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը կարեւոր է համարում այն փաստը, որ այսօրվա գիտական կենտրոն մասնաճյուղը հավատարիմ է մնացել այն կազմող հետազոտական կոլեկտիվների լավագույն ավանդույթներին, արժեւորում է անցյալի մեծ ձեռքբերումները եւ շարունակում կերտել նորերը։ Ընդ որում, «հին ու բարի» շենքային պայմաններում, կենտրոնում ոչ միայն չեն թուլացնում աշխատանքի տեմպը առտնին գործունեության ուղղություններով, այլեւ միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցության եզրեր են գտնում-օգտագործում։

Տարբեր ուղղություններով կենտրոնը համագործակցում է ICARDA-ի, CIMMYT-ի, Bioversity International-ի, ոլորտի հեղինակավոր մի շարք այլ միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների համալսարանների ու գիտական հաստատությունների հետ։ Աշխատանքները ներառում են համատեղ գիտարշավներ, բույսերի գենետիկական ռեսուրսների նմուշների փոխանակում, բույսերի միկրոբազմացում եւ մի շարք այլ բնագավառներ։

Համագործակցության այդպիսի ավարտված եւ ընթացիկ մի շարք ծրագրերի ու նախագծերի միջոցով Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը, մանավանդ վերջին չորս տարիների ընթացքում, կարողացել է ստեղծել կամ վերակառուցել-վերազինել ու ժամանակակից սարքավորումներով հագեցնել մի շարք լաբորատորիաներ, որ մեծապես նպաստում են աշխատանքի արդյունավետությանը։ Պակաս կարեւոր դեր չեն խաղում նաեւ կենտրոնի պրպտող ու ձեռնհաս գիտնականների՝ սեփական ձեռքով ստեղծած եզակի մեքենասարքավորումները, որ առանձնակի դրվատանքի է արժանի։

Գիտական կենտրոնի հին պատերի ներքո, եղած հնարավորությունների սահմաններում, շարունակաբար վերակառուցվում-հարմարեցվում եւ կահավորվում են լաբորատոր հարկաբաժիններ՝ ապահովելով տվյալ ստորաբաժանման գործառույթների իրականացման հնարավորինս սահուն ընթացքը եւ կարելիություն ստեղծելով առավելագույնս պահպանելու գիտական հետազոտությունների համապատասխան պայմանները։ Ավարտվել է 2000 քառ․ մ մակերեսով նորարարական ջերմատան շինարարությունը, փորձարկումներ արդեն եղել են, իսկ լիարժեք շահագործման անցնելուց հետո կամբողջանա հյուսվածքների բուսակների in vitro ստացումից-ադապտացումից մինչեւ բաց դաշտում տնկանյութի արտադրության ամբողջ շրջափուլը, որը գիտական կենտրոնին հնարավորություն կընձեռի նաեւ առեւտրայնացնել գիտական ու արտադրական արդյունքը։

Կենտրոնում իրականացվում են մշակաբույսերի առողջ տնկանյութի զանգվածային արտադրության տեխնոլոգիաների մշակում, մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների հավաք եւ Բույսերի գենետիկ ռեսուրսների ազգային գենբանկում երկարատեւ պահպանություն, Ազգային գենբանկի բույսերի գենռեսուրսների գենետիկական անձնագրավորում, ԲԳՌ-ների ԴՆԹ բանկի/գենադարանի ստեղծում, միջավայրի անբարենպաստ պայմանների, հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ դիմակայուն մշակաբույսերի արտադրություն, հինավուրց սորտերի վերականգնում եւ բազմաթիվ այլ ուղղություններ։

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։ Պարզապես նշենք, որ այդ ուղղությունների ազդեցությունը դուրս է կենտրոնի, համալսարանի եւ նույնիսկ ազգային հետաքրքրությունների ու առաջնահերթությունների սահմաններից եւ կարեւոր նշանակություն ունի առհասարակ ագրոկենսատեխնոլոգիական եւ հարակից ոլորտների էկոհամակարգերի առողջացման տեսակետից։

Կենտրոնի առանձնահատուկ ձեռքբերումներից է այստեղ պահպանվող հավաքածուից 63 բուսաբանական տեսակների շուրջ 2000 նմուշի կրկնօրինակումը եւ Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում երկարատեւ պահպանության ուղարկելը։

Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ի գործունեության անմիջական շահառու-շահակիրներ են Ագրարայինի ուսանողները, որոնք փորձուսուցում են անցնում այստեղ եւ մագիստրանտներն ու ասպիրանտները, որ կենտրոնում հետազոտություններ են անում իրենց գիտական թեմաների շրջանակում։