Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը ևս ներկայացրեց գործուղումների արդյունքները

Երեկ՝ հուլիսի 2-ին, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստն էր, որի օրակարգի առյուծի բաժինը նվիրված էր դասախոսների գործուղումների արդյունքների քննարկում-վերլուծությանը: Այն, որ արտասահմանյան գործընկերների հետ մասնագիտական-մշակութային փոխշփումները անգնահատելի են, կասկածից վեր է, անվիճելի: Սա լավը լավագույն դարձնելու ուղիղ ճանապարհն է: Ֆակուլտետի դեկան Հասմիկ Հովհաննիսյանը նիստի հենց սկզբում դիմեց բոլորին. -Այս՝ համեմատաբար ազատ շրջանը, օգտագործեք լեզուների իմացությունը լավարկելու նպատակով: Դիմեք ծրագրերի մասնակցելու համար, որքան շատ մեկնեք, այնքան մեր օգուտն է: Սա նոր մտահղացումների, նոր ծրագրերի, համագործակցության նոր փուլի նախապայման է: Եւ հաշվետու լինելու առաջին օրինակն էլ ցույց տվեց դեկանը, որ այցելել էր Հունաստան: Արման Տոնիկյանը (Հունաստան), Թամարա Հարությունյանը (Պորտուգալիա), Արուսյակ Ղարիբյանը եւ Մերի Մանուչարյանը (Պորտուգալիա, Ավստրիա), Արման Հարությունյանը (Մալթա) գործուղումների ընթացքում համագործակցության շատ հետաքրքիր-հեռանկարային ծրագրեր են հղացել, համատեղ ուսումնասիրություններ կատարելու կամք են ցուցաբերել բոլոր կողմերը: