Համալսարանի ուսումնական եւ գիտական ստորաբաժանումներն ամփոփում են 2025 թվականը, որն ընդհանուր առմամբ ագրոտեխնոլոգիական զարգացման ուղղությամբ առաջընթացի եւս մեկ տարի էր։
Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի ստեղծագործ, գլխավորապես կանանցից բաղկացած գեղեցիկ թիմը տարվա ավարտը նշանավորեց Փափուկ հմտությունների սրահում՝ առինքնող միջոցառմամբ։ Տարին ամփոփեցին սեփական ձեռքերով, ագրարային մասնագիտությունների իրենց գործընկերներից ոչ պակաս վարպետությամբ պատրաստած ավանդական բարիքներով ծանրաբեռ սեղանի շուրջ, անշուշտ՝ ամբիոնի վարիչ Արման Հարությունյանի «աստղային համար» ղափամայով։
Ամբիոնը 2025 թվականը ճանապարհում է գոհունակությամբ՝ աշխատանքային պարտականությունները պատասխանատվությամբ կատարած, ուսանողներին եւ նրանց շահերին եւս մեկ տարի նվիրած։ Իսկ գալիք տարին դիմավորում են «անուղղելի» լավատեսությամբ եւ հաջողությունը առնվազն կրկնելու վստահությամբ։
Ամբիոնն իր հին ու նոր թիմակիցներով, հին ու նոր գեղեցիկ ավանդույթներով շարունակում է ճիշտ ընթացքը՝ պաշտոնյա հասկացությունից հեռու, գործընկերների բնութագրմամբ՝ համեստ, բանիմաց եւ նվիրյալ Արման Հարությունյանի հմուտ առաջնորդությամբ․ ղեկավար, որը ազատություն ու «թեւեր» է տվել թիմակիցներին՝ ստեղծագործելու եւ խիզախելու համար եւ մշտապես նրանց կողքին է՝ օգնելով, որ լավագույն որոշումները կայացնեն։
Զարմանալիորեն տարբեր անհատականությունների զարմանալիորեն ներդաշնակ, նույն նպատակին ձգտող մի ընտանիք է Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնը, Ագրարայինի՝ ավանդույթի արժեքը նորովի իմաստավորող մի նոր մոդել, որի ներսում բոլորի ընդհանուր համազդեցությունը ավելի ծանրակշիռ ու կարեւոր է դարձնում յուրաքանչյուրի ներդրումը։








