Ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողով․ ՀԱԱՀ-ը նախագծում է ագրոանտառաբուծական համակարգեր, որոնք կներդրվեն գործընկերների աջակցությամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողովի նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին անցկացվեց «Ագրոանտառաբուծություն․ հայաստանյան եւ համաշխարհային գործելակերպերը» վերտառությամբ միջոցառումը, որին մասնակցեցին Ագրոանտառաբուծության միջազգային միության նախագահ Պատրիկ Վորմզը, ոլորտի միջազգային փորձագետ, Սոպրոնի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Վիտյին, ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցները, համալսարանի գործընկեր կազմակերպությությունների հայաստանյան փորձագետները։

Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

Նախաքննարկումը եւ բուն խորհրդաժողովը, որ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, կազմակերպվել էր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում (նախագծի համադրող՝ ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Էմիլ Գեւորգյան)։ Նախագծի նախնական փուլում ՀԱԱՀ հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն։

ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում ծավալված քննարկումը եւ բուն խորհրդաժողովը աննախադեպ էին փորձագիտական ներկայացուցչականության, Հայաստանի ագրոէկոլոգիական իրավիճակի օբյեկտիվ գնահատման, ոլորտում պետական քաղաքականության եւ մասնավոր հատվածի շահերի համադրման, միջազգային արժեքավոր փորձին ծանոթանալու, Հայաստանում ագրոանտառային երբեմնի տնտեսության վերածննդի եւ ագրոանտառաբուծական նոր համակարգերի ստեղծման տեսակետից։

Խորհրդաժողովին մասնակցում էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եւ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։

Պարոն Զաքոյանը, ողջունելով խորհրդաժողովի մասնակից պետական այրերին, ֆերմերներին, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, մասնավորապես ասաց․ «Այս խորհրդաժողովը հերթականներից չէ այն առումով, որ ագրոանտառաբուծության կարեւոր ոլորտը պետք է դիտարկել բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական նպատակահարմարությունների մեկտեղման համատեքստում։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության շնորհիվ մեկնարկած նախաձեռնությունը մենք դիտարկում ենք որպես Հայաստանում հարակայուն զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործում։ Շնորհակալություն մեր գործընկերներին, որոնց հետ գործակցությունը հնարավորություն է տվել Ագրարային համալսարանին առանցքային դերակատարություն ստանձնել նախագծում, որն անհնարին կլիներ առանց համայնքների ներգրավման, պետական կառավարման մարմինների եւ միջազգային գործընկերների ներդրման։ Համագործակցության ընտրված ձեւաչափն ու կողմերի շահագրգիռ մասնակցությունը հավատ են ներշնչում, որ միասին մենք Հայաստանում կարող ենք հավասարակշռել բնապահպանական եւ տնտեսական նպատակահարմարությունը, ստեղծել ապրելու ավելի նպաստավոր միջավայր»։

SDC-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց հատկապես Ագրարային համալսարանի՝ FORACCA նախագծում ընդգրկված փորձագետներին։

Ագրոանտառաբուծության միջազգային միության (IUAF) նախագահ Պատրիկ Վորմզը ագրոանտառաբուծության, դրա ներուժի եւ հնարավոր օգուտների վերաբերյալ շատ հետաքրքիր վերլուծությամբ հանդես եկավ։ Բանախոսը ոլորտի հարաճուն կարեւորությունը եւ արդյունավետությունը ցույց տվեց տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ ունեցող մի շարք երկրների ցայտուն օրինակներով։ Այն պայմաններում, երբ մոլորակի բնակչության կեսը սննդամթերք է արտադրում ֆիզիկական ծանր աշխատանքով՝ օգտագործելով ձեռքի գործիքներ եւ կլիմայի փոփոխության բերումով ամեն անցնող տարին, փաստորեն, ամենազով տարին է մեր ապրելիք մնացյալ կյանքում՝ ագրոանտառը, մշտատեւ գյուղատնտեսությունը, կենսաբազմազանության բնական ու գիտական օրինաչափությունների կիրառումը դառնում են դարի հրամայականը` նշեց պարոն Վորմզը։ «Այսօր պարտավոր ենք ավելացնել ծառերի թիվը եւ լավ մտածել՝ թունաքիմիկատներ սրսկելուց առաջ։ Եկեք քննադատական հայացքով նայենք դիզելի, պեստիցիդների եւ պարարտանյութերի «սուրբ երրորդությանը», – բազմափորձ մասնագետի հորդորներից մեկն էլ սա էր։

Երկրորդ հիմնական բանախոս, Ագրոանտառաբուծության եւրոպական դաշնության (EURAF) նախագահ Բահդան Լոյկան հանդես եկավ «Ագրոանտառաբուծության ներածություն եւ դրա ներկա վիճակը Եւրոպայում» թեմայով շատ հետաքրքիր, զուգահեռներ ու համադրություններ հրահրող զեկուցմամբ։

Երեք պանելային քննարկում կայացավ՝ համայնքների կարիքների ու օգուտների, ագրոէկոլոգիական փոխակերպումների եւ իրավական մարտահրավերների ու հնարավորությունների թեմաներով։ Քննարկումների ընթացքում վեր հանված հիմնական ուղերձներն էին՝ կարելի է անտառ տնկել ռւ եկամուտ ստանալ․ այս խորհրդաժողովը նշանավորում է ագրոանտառաբուծության վերածնունդը Հայաստանում․ ընկերային (սոցիալական) բաղադրիչները սերտորեն փոխկապակցված են․ ժամանակն է վերադառնալ բնությանը եւ բարելավել հողերի որակը ագրոէկոլոգիական նորօրյա համակարգերի միջոցով․ խորհրդատվությունը վճռական դեր ունի ագրոանտառաբուծության այս նոր մշակույթը ներդնելու գործում։

Կարեւոր դիտվեց համայնքների վճռական դերակատարությունը ագրոանտառների ստեղծման հարցում, ընդ որում նախատեսվում է ՀԱԱՀ մասնագետների հետազոտությունների եւ համայնքների հետ աշխատանքի միջոցով ընտրված տեղամասերում ագրոանտառաբուծական տնտեսություններ հիմնել կոոպերատիվի կարգավիճակով՝ ընդգրկելով սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչների։ ՀԱԱՀ նախկին ռեկտոր, ICARE հիմնադրամի ԱգրոԹվին ծրագրի ղեկավար Վարդան Ուռուտյանը, մեզանում կոոպերատիվների «չկայացման» ընդհանուր մտայնության համատեքստում առաջարկեց եւ հիմնավորեց շահառու 4 համայնքներում աշխատավորական տեսակի կոոպերատիվներ հիմնելու հնարավորությունը։

Հոկտեմբերի 26-ին խորհրդաժողովի մասնակիցներն այցելեցին Արագածոտնի եւ Լոռու մարզերում ընտրված ագրոանտառաբուծական տեղամասեր, ՀԱԱՀ մասնագետների օգնությամբ ծանոթացան դրանց ռելիեֆին, ոռոգման հնարավորություններին, նախատեսվող ծառատեսակների տնկման եւ մշակաբույսերի ցանքի սխեմաներին։

Եռօրյա միջոցառումը մեծ իրադարձություն էր մեր երկրում ագրոանտառաբուծության հիմնարկեքի առումով, իրադարձություն, որի հաջողության գրավականը, բոլոր գործընկեր ու շահակիր կողմերի միահամուռ պնդմամբ, նախ եւ առաջ, Ագրարային համալսարանի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետների պրոֆեսիոնալ ու ջանադիր աշխատանքի  արգասիքն էր՝ Էմիլ Գեւորգյանի նույնքան հմուտ համադրմամբ։