ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի սննդագիտության եւ սննդի անվտանգության դասընթացը հագեցած էր

Հուլիսի 6-9-ը մասնակցեցի «ժամանակակից սննդագիտության եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացին, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում՝ ICARE-Armenia-ի կողմից։

Չորս օրն էլ հագեցած են անցել ինձ համար։ Օրինակ` առաջին օրն իմացա, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ իտալական պիցա, տարբերակեցի սննդագետ եւ սննդաբան եզրույթները։ Այնքան էի ուզում օսլա հայտնաբերել կաթնամթերքում, բայց էդպել էլ չգտա, եւ դա իհարկե շատ լավ է։

Երկրորդ օրը համտեսեցինք մեր պատրաստած համեղ ջերկին, սովորեցինք ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը եւ անցկացրեցինք ձեռքերի մաքրության ուլտրամանուշակագույն (UV) թեստ․ մեծ արարողություն էր դա։ Երրորդ օրն է´լ ավելի հետաքրքիր էր՝ սննդակարգ, կալորիաների հաշվարկ ժամանակակից հավելվածների միջոցով:

Չորրորդ օրն այցելեցինք Արագածոտնի մարզի Արտենի գյուղում գտնվող սնունդ արտադրող կազմակերպություն՝ աուդիտի։ Դե միշտ հաճելի է գնալ որպես աուդիտոր եւ այնուհետեւ քննարկումներ անել մյուս աուդիտորների հետ։ Չորրորդ օրը ես նաեւ հասկացա, որ այլեւս հաջորդ օրը չեմ գա ICARE, չեմ հանդիպի այս մարդկանց, որը շատ տխրեցրեց ինձ, արդեն սովորել էի, եւ մեծ հաճույքով էի ամեն առավոտ գալիս այդ դասընթացներին։

Շնորհակալ եմ ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծին ինձ եւ մնացած մասնակիցներին սննդի անվտանգության եւ սննդագիտության ոլորտի կարեւոր գիտելիքներ եւ դրական հույզեր փոխանցելու համար։ Շնորհակալ եմ հատկապես սննդամթերքի անվտանգության փորձագետ, գ. թ. Սերգեյ Չախմախչյանին եւ սննդագետ, գ. թ. Դավիթ Պիպոյանին, որոնք իրենց տեսական եւ գործնական գիտելիքներին մեզ հաղորդակից դարձնելուց զատ, նաեւ ոլորտի կարեւորության զգացողություն ու դրա հանդեպ սեր փոխանցեցին մեզ։

Հուսով եմ ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագիծը դեռ շատ դասընթացներ կկազմակերպի, որոնց մեծ սիրով կմասնակցեմ։ Հուսով եմ եւ կոչ եմ անում, որ ՀԱԱՀ-ի ավելի շատ ուսանողներ բաց չթողնեն այդ հնարավորությունը եւ մասնակցեն նման դասընթացների։ ICARE-ում միջավայրն այնքան դրական է, որ չես կարող ուղղակի չվերադառնալ այնտեղ։

Իվետա Արզումանյան

ԿՏ մասնագիտության շրջանավարտ