Ագրարային համալսարանի Սպարտա թիմը Ուսանողական երրորդ հաքաթոնի մրցանակակիր է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած Ուսանողական երրորդ հաքաթոնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Սպարտա» թիմը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը եւ պարգեւատրվել 500 հազար դրամ գումարով։ Թիմը ակտիվորեն մասնակցում է տեխնոլոգիական ու նորարարական տարբեր նախաձեռնությունների։

Լիաննա եւ Դիաննա Խաչատրյանները՝ Ագրրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսից եւ Գրիշա Ղուրշուդյանը, Արթուր Հովակիմյանն ու Վահե Ասատրյանը՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա կրթական ծրագրի 1-ին կուրսից, հաքաթոնի շրջանակում ներկայացրել են ջերմատնային տնտեսությունների համար նախատեսված նախագիծ, որն ուղղված է ոլորտում առկա կարեւոր եւ համընդհանուր խնդիրների լուծմանը։

Հաքատոնին մասնակցել է Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմ, որոնք ներկայացրել են տեխնոլոգիական նորարարական լուծումներ։ Մրցութային աշխատանքները գնահատվել են հետեւյալ չափանիշների հիման վրա՝ նորարարություն, արդիականություն, իրագործելիություն, կենսունակություն եւ ներկայացման որակ։ Ընդ որում թիմերն աշխատել են ԲՏԱ նախարարության սահմանած ռազմավարական առաջնահերթ ուղղությունների շրջանակում։

Միջոցառումը արժեքավոր փորձառություն էր մեր ուսանողների համար բուն մրցույթի, ինչպես նաեւ այլ բուհերի ուսանողների եւ ոլորտի մասնագետների հետ շփումների, փորձի փոխանակման եւ հետագա գործակցության հեռանկարների առումով։

Շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում մեր տաղանդավոր ուսանողներին այս նվաճման եւ մեր համալսարանը արժանիորեն ներկայացնելու համար։