ՀԱԱՀ-ի հերթական ձեռքբերումը․ «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» նոր եւ հեռանկարային կրթական ծրագրով սովորելու հնարավորություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հնարավորություն է ստացել 2025 թվականի սեպտեմբերից իրականացնելու «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» բակալավրիատի կրթական ծրագրով կադրերի պատրաստում։

Նոր եւ խոստումնալից կրթական ծրագրին հատկացվել է առկա ուսուցման 30 տեղ, որոնք, առանց միասնական քննություններ հանձնելու, կարող են համալրել քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 30-ը։

Հանրահայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ագրոպարենային ոլորտում գնալով մեծանում է ճշգրիտ սարքերի, ավտոմատացված համակարգերի, առհասարակ ժամանակակից «խելացի» տեխնոլոգիաների կիրառությունը, որոնք ապահովում են ռեսուրսների խնայողություն ու արտադրության արդյունավետության բարձրացում։

Այս առումով հրատապ խնդիր է դառնում համապատասխան մասնագետների պատրաստումը, որոնք կստանձնեն ագրոարդյունաբերական համալիրի առաջադեմ ընկերությունների մասնագիտական սպասարկումն ու կառավարումը։

«Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրով Ագրարային համալսարանը եւս մեկ լուրջ նախադրյալ է ստեղծում իր ուսանողների համար՝ դառնալու ագրոպարենային ոլորտի առաջատարն ու առաջապահը։

Կրթական ծրագիրը մշակվել է «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» (Ագրոբոտ) մեգանախագծի շրջանակում, իսկ նույն նախագծի շնորհիվ Ագրարային համալսարանում ստեղծված լաբորատորիան արդեն կահավորման վերջնական փուլում է։

Բացի բակալավրիատի «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրից, ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում եւս ներդրվել է երկու նոր կրթական ծրագիր․

  1. «Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ»,  1,5 տարի, որակավորումը՝ ճարտարագիտության մագիստրոս
  2. «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում», 1,5 տարի, որակավորումը՝ կառավարման մագիստրոս

«Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրով առկա ուսուցման 30 պոտենցիալ ուսանողները կարող են համալրել միասնական քննությունների հիմնական եւ լրացուցիչ փուլերով արդեն ընդունված դիմորդների շարքը։ Ի դեպ, նախորդ տարվա համեմատ ՀԱԱՀ ընդունվածների թիվը ավելացել է շուրջ 40 %-ով, իսկ առանձին վերցրած՝ 70 հազ․ դրամ կրթաթոշակ տրամադրող կրթական ծրագրերով՝ շուրջ 136 %-ով կամ շուրջ 2,4 անգամ։