Հունիսի 10-ին Սյունիքի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում կայացած Ոչխարների խուզի փառատոնում Ագրարային համալսարանը ներկայացնում էին Սիսիանի մասնաճյուղը, որը գործունեության 19 տարիների ընթացքում հստակ ասելիք ու անելիք է ունեցել մարզի գյուղատնտեսության ոլորտում, եւ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունը։
Սյունիքի մարզում արդեն 6-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց փառատոնին։ Սիսիանի մասնաճյուղի տաղավարում ներկայացված էին համալսարանի առաքելության, կրթական ծրագրերի մասին պատմող տեղեկատվական նյութեր՝ Սիսիանի բնական մեղրի ու կտավատի ձեթի կողքին։
Ռեկտոր Ուռուտյանը փառատոնից հետո այցելեց նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ, եղավ 1,5 հա տարածք զբաղեցնող նորաստեղծ ուսումնափորձնական տնտեսությունում, որտեղ արդեն ավարտվել են մեքենատրակտորային կայանի, խելացի գոմի կառուցման աշխատանքները, իրականացվել է ծառատունկ։ Շուտով կմեկնարկեն ջերմատան (2 x 300 քառ․ մ) կառուցման եւ 0,5 հա ինտենսիվ այգու հիմնման աշխատանքները։