Ագրարայինի գիտնականների (Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի Սննդամթերքի անվտանգության եւ կենսատեխնոլոգիաների, Կենդանական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժինների վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյան) վերջին ուսումնասիրությունը լույս է սփռում սննդի միջոցով հակաբիոտիկառեզիստենտ մանրէների տարածման ռիսկերի վրա։ Աշխատանքի արդյունքները ներկայացվել են միջազգային հեղինակավոր Applied Food Research ամսագրում, որը դասվում է Q1 վարկանիշի առաջատար գիտական հրատարակությունների շարքը։ Հոդվածի վերնագիրն է՝ «HACCPը եւ հակաբիոտիկակայունությունը կաթնամթերքի մեջ» (HACCP and Antibiotic Resistance in Dairy Products: The Armenian Experience)։ Ուսումնասիրության հիմնական նպատակն էր գնահատել՝ որքանով է HACCP-ը (Վտանգների վերլուծության եւ վերահսկման կարեւոր կետերի համակարգ), որը կիրառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով՝ արդյունավետ սննդամթերքի, մասնավորապես՝ կաթնամթերքի մեջ հակաբիոտիկակայուն ռիսկերը նվազեցնելու գործում։ Մինչ օրս թե՛ Հայաստանում, եւ թե՛ միջազգային պրակտիկայում սննդի անվտանգությունը գնահատվում է հիմնականում հակաբիոտիկների մնացորդային քանակի չափման միջոցով։ Եթե մնացորդները թույլատրելի սահմաններում են, սնունդը համարվում է անվտանգ։ Սակայն ՀԱԱՀ գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս, որ սա բավարար չէ։ Թեեւ կաթի բոլոր նմուշներում հակաբիոտիկների մակարդակը եղել է սահմանված թույլատրելիի սահմաններում (օրինակ՝ ստրեպտոմիցին՝ միջինում 147.09 µg/L՝ ցածր ԵՄ/ՀՀ սահմանաչափից՝ 200 µg/L), նույն նմուշներում հայտնաբերվել են բազմադիմադրողական (մուլտիկայուն) մանրէներ, որոնք միաժամանակ կայուն են մի քանի հակաբիոտիկների նկատմամբ։ Այս փաստը ցույց է տալիս, որ անգամ թույլատրելի մանրէաբանական ֆոնի պայմաններում սննդամթերքը կարող է պարունակել հանրային առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ։ ՀԱԱՀ Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները շեշտում են, որ անհրաժեշտ է HACCP համակարգում ներառել նաեւ մանրէների հակաբիոտիկակայունության մշտադիտարկումը, որը կարեւոր լրացուցիչ քայլ կլինի՝ հակաբիոտիկակայունության տարածումը սննդամթերքի միջոցով կանխելու ուղղությամբ։ Այս կարեւոր ուսումնասիրությունն իրականացվել է համագործակցությամբ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի հետ՝ պրոֆեսոր Հայկուշ Բատիկյանի անմիջական մասնակցությամբ։ Նմուշների հավաքումը, լաբորատոր վերլուծությունները եւ արդյունքների կիրառումը հաջողված օրինակ է գիտության եւ արտադրության համագործակցության։ -Այս եւ այլ հետազոտությունները կատարվել են ՀՀ բարձրագույն Կրթության եւ Գիտության Կոմիտեի առաջատար հետազոտությունների 21AG-4D065 շրջանակում։ Ընդհանրապես, կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱԱՀ ղեկավարությանը՝ մեր հետազոտությունների շարունակական աջակցության համար եւ իհարկե, Կոմիտեին՝ առաջատար հետազոտությունների ծրագրի ֆինանսավորման համար։ ԳՀԻ մեր բաժինները (9 հաստիք, ներառյալ վերջին տարում 0.25-ական դրույք՝ երկու երիտասարդ գիտաշխատողի համար, ունենք այլ չֆինանսավորվող երիտասարդ գիտաշխատող եւս) վերջին հինգ տարիներին ունենք մոտ քսան գիտական աշխատանք՝ Scopus/WOS շտեմարանների ամսագրերում, մոտ կեսը՝ Q1 ամսագրերում, կարծում եմ, որ սա վատ ցուցանիշ չէ: Ցավոք աշխատում ենք հին սարքավորումներով (սարքավորումներ գնվել են միայն առաջատար ծրագրի շրջանակում), ցավոք, մեր՝ սարքավորումների հայտերը անընդհատ մերժվել են, որն ազդում է մեր գիտական ցուցանիշերի եւ իհարկե ներ- եւ միջազգային մրցակցության վրա։ Հուրախություն մեզ, մեր գիտահետազոտական աշխատանքները թեւակոխում են նոր, արտադրական փուլ, սա շատ կարեւոր է, եւ կարեւորվում է ներկայում, բայց առանց նոր սարքավորումների այս անցումն, առավել եւս անիրականանալի է,-մեր զրույցի ժամանակ ասաց պրոֆեսոր Փեփոյանը:

- 07/07/2025
- 2025