Դեկտեմբերի 13-ին հասարակագիտության ամբիոնի երիտասարդ աշխատակցուհիներ, պ.գ.թ. Մերի Նաջարյանի եւ Լուսինե Չիլինգարյանի, ինչպես նաեւ ուսանողների համատեղ ջանքերով տեղի ունեցավ քննարկում «Կրթության դերը արդի աշխարհում: Կրթության մոդելները լսարանից դեպի աշխատանք» թեմայով: Հիմնական բանախոսը կրթության փորձագետ, ԵՊՀ դոցենտ, պատմագիտության թեկնածու Լիլիթ Մկրտչյանն էր: Նա հանգամանորեն ներկայացրեց կրթության կազմակերպման գերմանական, ֆրանսիական, անգլիական, ամերիկյան, ռուսական եւ սինգապուրյան մոդելները: Դրանք բոլորն էլ ունեն իրենց առավելություններն ու խոցելի կողմերը:
Ժամանակակից աշխարհը, հատկապես կրթության ոլորտը էապես-արմատապես լավարկելու ուղիներ է փնտրում: Եւ այս հարցում հաստատապես չկան պատրաստի դեղատոմսեր: Ամեն երկիր-ժողովուրդ ունի իր առանձնահատկությունը, ավանդույթները, անշփոթելի դիմագիծը, եւ պետք է կարողանանք համատեղել ժամանակակիցն ու անցյալի նվաճումները:
Արդի աշխարհում, աշխատաշուկայում ո՞րն է ավելի առաջնային՝ գիտելի՞քը, թե՞ հմտությունները: Այս հարցի պատասխանները մեր հյուրը փորձեց գտնել ներկաների հետ միասին: «Հմտությունները»,-շատ արագ ու անվարան պատասխանեցին երիտասարդները:
-Անշուշտ, հմտությունները,-համաձայնում է բանախոսը,-բայց հմտություններն առանց գիտելիքի վերածվում են դեմագոգիայի…
Քննարկման երկրորդ հատվածում Մերի Նաջարյանն ու Լուսինե Չիլինգարյանը, ավարտական կուրսերի ուսանողուհիներ Մարիամը (տեխնոլոգիականից) եւ Հռիփսիմեն (տնտեսագիտության ֆակուլտետից) հակառակ դիտանկյուններից քննեցին հաճախումների հարցը:
Քննարկմանը ներկա էր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Նա բարձր գնահատեց երիտասարդների նախաձեռնությունն ու ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից շնորհակալագիր հանձնեց տիկին Մկրտչյանին:
Երիտասարդները համոզված են, որ նման քննարկումները շարունակական են լինելու: