Տեխնոլոգները զարմացնում են. մագիստրոսական թեզերը հաջողություն գրանցեցին

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայի Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության տասներկու ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 23-ին: Պաշտպանության վայր էր ընտրվել Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը:

Առաջին ակնհայտ տպավորությունը, որ դարձավ նաեւ եզրահանգում, այն էր, որ թեմաները լավագույնս «աշխատված» էին, ուսանողները եւ նրանց ղեկավարները ջանքեր էին ներդրել ոչ միայն մագիստրոսական թեզերին ներկայացվող չափորոշիչները պահպանելու, այլեւ մասնագիտական ու ստեղծագործական ազատությունն ապահովելու  ուղղությամբ: Մեր ուսանողները, հիմնվելով սեփական հետազոտությունների եւ ղեկավարների հետ խորհրդակցությունների վրա, ոչ թե պատրաստել, այլ բառիս բուն իմաստով կերտել-ստեղծել են նոր, համային լավագույն հատկանիշներով, որակով, անվտանգությամբ ու եզակիությամբ աչքի ընկնող մթերքներ:

Պտուղ-բանջարեղենի, հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի տարբեր տեսակների սպասելի եւ անսպասելի համադրություններով ստացել են տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված, գործառական տարբեր նշանակության արտադրատեսակներ, որոնք չէին կարող չհիացնել ոլորտի առաջատար, շատ բան տեսած մասնագետներից կազմված հանձնաժողովին՝ մեր համալսարանի շրջանավարտ Արեն Զարգարյանի ղեկավարությամբ: Ի դեպ, պարոն Զարգարյանը հարազատ համալսարանին օգնում է նաեւ մեկ այլ կարեւոր նախագծի իրականացման՝ միկրոգարեջրագործության արտադրություն հիմնելու հարցում:

Աշխատանքները նաեւ շատ հետաքրքիր փաթեթավորումներով ներկայացվեցին, ընդ որում արտադրանքի հեղինակ ուսանողները որոշ դեպքերում փաթեթավորման հարցում գործակցել են Փաթեթավորման տեխնոլոգիայի եւ դիզայնի ամբիոնի ուսանողների հետ: Այս հանգամանքը հաճույքով նկատեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը՝ բարձր գնահատելով միջամբիոնային գործակցության շնորհիվ ձեռք բերված ընդհանուր հաջողությունը:

Գրախոսությունները, որոնք ընթերցվեցին թեզերի պաշտպանության ժամանակ, աչքի էին ընկնում պրոֆեսիոնալ մակարդակով, երբեմն՝ անողոքությամբ, որ միտված էր երիտասարդների աշխատանքների կատարալագործմանը: Մագիստրանտները պատշաճ կերպով, հասուն գործընկերոջ դիրքերից էին արձագանքում գրախոսություններին, հիմնականում ընդունելով արձանագրված թերությունները եւ հայտնելով աշխատանքներում անհրաժեշտ շտկումներ անելու պատրաստակամություն, երբեմն էլ՝ չհամաձայնելով հնչեցված գնահատականներին եւ հիմնավորելով իրենց անհամաձայնությունը:

Ապագա եւ գործող (մագիստրանտներից շատերն արդեն աշխատում են արտադրությունում) երիտասարդ տեխնոլոգների մսահացերը, կոնֆիտյուրները, հացամթերքը, յոգուրտներն ու այլ արտադրատեսակներն իսկապես եզակի էին եւ առարկայորեն հաստատում էին ընտրված թեմաների արդիականությունն ու նորույթը, վկայում՝ կատարված նպատակային հետազոտությունների, ինչու չէ՝ նաեւ գիտական աշխատանքի մասին:

Ուստի հանձնաժողովի գնահատականներն էլ զարմանալի չէին՝ մեկ լավ եւ 11 գերազանց: Լավ հունձք է, որի կապակցությամբ շնորհավորում ենք մեծ ծավալի աշխատանք կատարած մագիստրանտներին, նրանց դասախոսներին եւ ֆակուլտետի ու ամբիոնների պատասխանատուներին:

Երիտասարդ տեխնոլոգների ստեղծած համադամ նորույթների մեծ մասը ունի հայրենական շուկա հաջողությամբ մուտք գործելու բոլոր առավելությունները, իսկ դրա հնարավորությունն արդեն կախված է ոչ միայն ապրանքի որակից, համուհոտից ու եզակիությունից: