Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի նվերը համալսարանին

Ապրիլի 26-ը տեխնոլոգիական համալրման օր էր Կենսագործունեության անվտանգության ամբիոնի համար: Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը եւ իրավաբան Արթուր Խաչիկյանը այցելել էին համալսարան՝ իրենց հետ բերելով ամբիոնի համար կարեւոր մի շարք արդիական սարքեր՝ գազավերլուծիչ (գազաանալիզատոր), աղմկաչափ, լուքսոմետր, խոնավաչափ-ջերմաչափ եւ հողմաչափ:

Մեր գործընկերները սարքերը սիրով նվիրաբերեցին Կենսագործունեության անվտանգության ամբիոնին՝ վստահություն հայտնելով, որ դրանք նպատակային ձեւով կօգտագործվեն եւ կծառայեն նախանշված ուսումնական եւ գործնական նպատակներին: ՏԱԱԻ-ի մեր գործընկերները կօգնեն նաեւ սարքերի կիրառությունը ուսանողներին սովորեցնելու հարցում: Ի դեպ, մեր գործընկերները պարտավորվեցին այսքանով չսահմանափակվել. առաջիկայում ամբիոնին կօժանդակեն տեխնիկական անվտանգության այլ անհրաժեշտ սարքերով:

Արժեքավոր նվերներն ընդունելիս, ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանին եւ ամբիոնի դասախոսներ Լիանա Խաչատրյանին ու Արմեն Ղազարյանին հաճույքով էին միացել Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը: Նրանք բոլորը շնորհակալություն հայտնեցին ՏԱԱԻ-ի ներկայացուցիչներին, ըստ արժանվույն գնահատեցին ինստիտուտի մեր բարեկամների նվերը եւ առհասարակ նրանց հետ գործակցությունը: Հավաստիացրեցին, որ սարքերը կօգտագործվեն առավելագույն արդյունավետությամբ եւ կծառայեն ոչ միայն ուսանողների, այլեւ շահակիցների այլ խմբերի ուսումնական, վերապատրաստման եւ գործնական հետաքրքրություններին: Սարքերի առավելությունների թվում է դրանց շարժական լինելը, որը կիրառության լայն ասպարեզ է ապահովում:

Շարունակական համագործակցության վերաբերյալ պարոն Աղասարյանի տրամադրվածությունը մեծ ուրախությամբ ընդունեցին Տիկին Հովհաննիսյանը եւ պարոն Խաչիկյանը, մասնավորապես՝ պատրաստակամություն հայտնելով Ճարտարագիտականի ուսանողներին ընդունել որպես փորձնակների, ներառյալ՝ աշխատանքային կիսամյակի ժամանակ, երբ դրա ժամանակը գա:

ՏԱԱԻ-ի տնօրենի եւ ՀԱԱՀ ռեկտորի ստորագրած համագործակցության հուշագիրը ընդամենը երկու շաբաթվա պատմություն ունի, սակայն ամբիոնի եւ ինստիտուտի միջեւ գործնական ու բարեկամական կապերը հաստատվել են ավելի վաղ եւ դինամիկ զարգացում են ապրում:

Մեր գործընկերը տեխնիկական անվտանգության ոլորտում իր մատուցած ծառայությունների բնույթով ու կարեւորությամբ եզակի դերակատարում ունի երկրում: