Փետրվարի 19-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Թումո լաբորատորիաներ համալիրի ղեկավար Էրեբունի Թորոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվող մեր ուսանողների համար լայն հնարավորություններ է ընձեռում: Սակայն, մինչ այդ, դեռ հունվար ամսից սկսած, ճարտարագիտական ֆակուլտետի՝ ստեղծագործ մտքով, վառ երեւակայությամբ ու անհանգիստ բնավորությամբ մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Թումո լաբորատորիաների շատ խիտ-արագացված դասընթացների, որի շնորհիվ ստեղծեցին բույսերը ջրելու ավտոմատացված համակարգեր:
Ռեկտորը, որ ուշադրությամբ հետեւում էր ուսանողների շնորհանդեսին, հարցեր էր տալիս, գործնականում փորձարկում էր ստեղծված համակարգերը՝ քաջալերեց. «Սա կարող ենք համարել պիլոտային հաջողված փորձ: Ապրեք: Վստահ եմ, որ ծնվելու են նոր, թարմ մտքեր: Երբեք կանգ չառնեք: Ցանկացած միտք կարելի է իրականացնել այստեղ, ձեր ուժերով: Շատ հաճելի էր Թումո լաբորատորիաների հետ համագործակցությունը»:
Թումո լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Էդիտա Ղազարյանը եւս բարձր գնահատեց երիտասարդների աշխատանքի արդյունքները:
Մեր ուսանողները իհարկե, ձեռքբերվածով գոհանալու մտադրություն ամենեւին չունեն: Արդեն մտածում են շարունակության մասին: Նրանք պատրաստվում են համակարգերը դարձնել հեռակառավարվող՝ Երկիր մոլորակի ցանկացած կետից: Եւ ընդհանրապես, ագրոպարենային ոլորտը ստեղծագործելու անսահման հնարավորություն է տալիս. «Գյուղատնտեսական որեւէ աշխատանք կարելի է ավտոմատացնել, թվայնացնել», – համոզված ասում են երիտասարդներն ու անհնար է նրանց անվերապահորեն չհավատալ:
Ամփոփելով միջոցառումը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այս նորարարական նախագծի «սենսեյ»-ին՝ դասընթացավար Էրիկին՝ նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Նա տեղեկացրեց, որ արդեն մարտ ամսին կունենանք դրոններ, մետեոկայաններ (որոնք տեղադրվելու են համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում), ինչպես նաեւ տվիչների բլոկ՝ ուսումնական ջերմատանը: «Համալսարանն արդիական այսպիսի գործիքների ու տեխնոլոգիաների օգտագործումը մտադիր է ոչ միայն օգտագործել ուսումնական նպատակներով, այլեւ դրանց միջոցով հեշտացնել ֆերմերների կյանքը, օգնել նրանց արտադրական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում», – նշեց պարոն Ուռուտյանը:
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով Թումո լաբորատորիաներին՝ ֆակուլտետի ուսանողների հետ լիակատար փոխհասկացողության եւ ստեղծագործական համախոհության միջավայրում համատեղ ձեռնարկի հաջողության համար՝ հաճույքով տեղեկացրեց, որ ավարտական կուրսի՝ նախագծի մասնակից մի քանի ուսանողներ իրենց սովորած նոր տեխնոլոգիաները որոշել են դարձնել մագիստրոսական թեզերի թեմաներ: