Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 7-ին մասնակցեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովին, որն անցկացվում էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ:
ՍԱՏՄ եւ ՌԶԳ մեր գործընկերներից բացի, խորհրդաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի, Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ առեւտրային պալատի, ՀՀ գիտակրթական ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն ՍԱՏՄ-ի, ՌԶԳ-ի, մեր այլ գործընկերների եւ մեր համալսարանի ջանքերով այն արդեն գյուղատնտեսական հանրության շրջանում եւ սննդարդյունաբերության բնագավառում արմատավորվել է որպես մասնագիտական տոն:
Խորհրդաժողովը լավ հնարավորություն էր ոլորտի պատասխանատուների համար՝ շահակիցների բավականին լայն հանրության համար բարձրաձայնելու սննդամթերքի անվտանգության կարեւորագույն խնդրի լուծմանն առնչվող մի շարք հարցեր: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ոլորտում արդյունք ապահովելու համար կարեւոր համարեց սննդի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռ մանկուց: Փոխնախարար Գաբրիելյանը խոսեց պարենային ապահովության, սննդի անվտանգությունը վերահսկող կառույցների ամրապնդման, սննդի շղթայի ռիսկերը գնահատելու համար հաստատութենական կառույցների կարողությունների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի ակտիվացման մտադրության մասին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհավորելով գործընկերներին, արտադրողներին եւ սպառողներին, հույս հայտնեց, որ պետություն-մասնավոր հատված-գիտակրթական հանրություն-միջազգային կառույցներ համագործակցությունն ի վիճակի կլինի առաջիկա տարիներին հնարավորություն ստեղծելու էականորեն բարձրացնել սննդամթերքի անվտանգության մակարդակը մեր երկրում: Պարոն Ուռուտյանի զեկուցումը նվիրված էր սննդամթերքի անվտանգությանը հատկացված կարեւոր դերին ու տեղին կրթական ծրագրերում:
Գործընկերների զեկուցումները նվիրված էին սննդամթերքի անվտանգության դերին հանրային առողջապահության ոլորտում, ՍԱ ոլորտում միջազգային համագործակցությանը, սննդի շղթայում առաջացող ռիսկերի գնահատմանը, ոլորտում իրականացվող նախագծերին ու ծրագրերին: