Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, Արցախի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի եւ ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանի այցը Ագրարային համալսարան մարտի 12-ին էր եւ նվիրված էր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այդ օրը՝ մարտի 15-ը, ՍԱՏՄ-ի նախաձեռնությամբ մեր երկրում այս տարի նշվում է երկրորդ անգամ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 15-ի կապակցությամբ շնորհավորեց ուսանողներին՝ որպես սպառողների եւ մի քանի հետաքրքիր տվյալներ փոխանցեց սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխարհում եւ Հայաստանում առկա հիմնախնդիրների, բազմակի ոլորտների համատեղ գործունեության վրա հիմնված «մեկ առողջության» սկզբունքի, ինչպես նաեւ ՍԱՏՄ-ի հետ գործակցության գոհացուցիչ ընթացքի մասին: «ՍԱՏՄ-ի մեր գործընկերների հետ միասին մենք կարեւոր առաքելություն ունենք՝ մասնագետ պատրաստելուց բացի պատրաստել նաեւ գրագետ, իրազեկ եւ պահանջատեր սպառող: Այս առումով, գովելի են տեսչական մարմնի իրազեկման աշխատանքները, մեր համատեղ ձեռնարկումները»:
Ռեկտոր Ուռուտյանը ուսանողներին հորդորեց «մեկ առողջության» եւ անվտանգության սկզբունքին համապատասխան վերարժեւորել սննդամթերքի օգտագործման, սննդի անվտանգության բնագավառներում իրենց վարքագիծը՝ ցանկալի փոփոխությունների հասնելու համար:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ՀԱԱՀ-ին եւ մեր ընդհանուր գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալությանը, նշեց, որ բոլորս ենք սպառող, եւ անհրաժեշտ է, որ հնարավորինս իրազեկ եւ պատրաստված լինենք որպես սպառող: Տեսչական մարմինն իր սահմանափակ ռեսուրսներով չի կարող վերահսկել բոլորին եւ ամեն ինչ, ուստի պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք սպառողների շահերի ոտնահարում: «Այս նպատակին հասնելու համար դուք որպես Ագրարայինի ուսանողներ, վաղվա մասնագետներ, ձեր մասնագիտական եւ առօրյա կյանքում պետք է շարժվեք գիտությամբ ապացուցված ուղղություններով: Ագրարայինի ուսանողն ու շրջանավարտը կարող են սպառողին ճիշտ տեղեկություններ հասցնել՝ առաջնորդվելով միայն գիտության նվաճումներով, ոչ թե կասկածելի տեսանյութերով կամ «վերին ճշմարտության» հավակնող դարն ապրած ու վտանգավոր կենցաղավարական սովորույթներով. ոչ մի պարագայում չի կարելի տուրք տալ խավարամտությանը»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Թեմայի գործնական յուրացումն ապահովելու համար ՍԱՏՄ ղեկավարի առաջարկով ուսանողները բերեցին ու բանախոսի հետ քննարկեցին սպառողին մոլորեցնելու մի շարք դեպքերի օրինակներ, այդ թվում՝ նաեւ սննդի անվտանգության առումով աքիլեսյան գարշապար դարձած Գումի հայտնի մսի շուկան, որտեղ պարոն Ավետիսյանի բնութագրմամբ, սակավաթիվ բացառությունները չհաշված, տիրում է «գռեհիկ միջնադարը»: Ոլորտի ղեկավարը խնդիրը արդարացիորեն տեսնում է առաջին հերթին ուսման, դաստիարակության մեջ եւ դարձյալ հորդորում է ՀԱԱՀ ուսանողական հանրությանը՝ օգնել գերատեսչությանը սպառողի եւ արտադրողի իրազեկվածության բարձրացման գործում:
«Սպառողը պետք է մանկուց հստակ իմանա, որ փողոցում վաճառվող միսը պոտենցիալ վտանգ է եւ վերջ», եզրափակեց պարոն Ավետիսյանը եւ հույս հայտնեց, որ արդեն գործող եւ առաջիկայում շարք մտնելիք սպանդանոցները, հարյուր տոկոսով գործելու պարագայում, նոր մշակույթ կմտցնեն եւ մեծապես կնպաստեն խնդրի լուծմանը:
Արցախի ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առթիվ եւ նշեց, որ համանման միջոցառումները լավ ավանդույթ են նաեւ Արցախում: «Ագրարային համալսարանի մերձավոր գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ մեր իրազեկման արշավները բավականին լավ արդյունք են տալիս այն իմաստով, որ իրազեկված սպառողներն առավել պահանջատեր են դառնում: Վերջին շրջանում սպառողների իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգերի թվի ավելացումը բացատրվում է հենց սպառողի իրազեկվածության բարձրացմամբ»,- նշեց պարոն Ներսիյանը:
Արցախի ՍԱՊԾ պետը խոսեց պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրների մասին, որոնց հաղթահարման համար ծառայությունը մոբիլիզացրել է առկա ռեսուրսները: Այժմ ենթակառույցները գրեթե վերականգնված են: Պարոն Ներսիսյանը նշեց հենց տնտեսավարող սուբյեկտների համարժեք արձագանքը թե պատերազմական իրավիճակում, երբ անվճար հանրային սնունդ էին մատակարարում բնակչությանը եւ թե դրանից հետո՝ երկիրը ոտքի կանգնեցնելու հարցում դրսեւորած պատրաստակամությունը, հավելելով կամավորների խաղացած կարեւոր դերը:
Դիմելով ՀԱԱՀ-ի ուսանողներին, Արթուր Ներսիսյանն ասաց. «Սննդամթերքի անվտանգության ոլորտում ձեր գործողություններով դուք պիտի լինեք սպառողների եւ արտադրողների միջեւ դեսպան եւ նրանց բերեք համախոհության ու համագործակցության դաշտ»: