Աշխատավորների միջազգային օրվա՝ մայիսի 1-ի գեղեցիկ առիթով ողջունում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ աշխատակազմերին, ուսանողությանը, համալսարանի համակարգում գործող բոլոր գիտական, հետազոտական, ուսումնափորձարարական կառույցների աշխատակիցներին։
Տոնը, որ հետաքրքիր ժամանակային, տարածական ու հասարակարգային վայրիվերումներով է անցել, այսօր մեզ համար ձեռք է բերել շատ կոնկրետ ու խոր իմաստ․ այս օրը մենք մեծարում ենք աշխատավոր հայ մարդուն, նրա վաստակը, տաղանդն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Հենց այս հատկանիշներն են առանձնացնում ագրարային ոլորտի մարդկանց եւ այդ թվում՝ Ագրարային համալսարանի մեր մեծ աշխատանքային ընտանիքին։
Ես շնորհակալություն եմ հայտնում մեր համալսարանի ամբողջ հանրույթին՝ հենց նշածս հատկանիշների եւ մեր համատեղ քրտնաջան աշխատանքի համար, որը, առանց վարանելու արձանագրենք՝ արդեն մեզ հասցրել է որոշակի հանգրվանի։ Այդ աշխատանքի եւ վերջին տարիներին իրականացված եւ այժմ էլ ինտենսիվորեն իրականացվող փոփոխությունների շնորհիվ մեր համալսարանը ձեռք է բերում նոր դեմք, նոր, անշփոթելի ձեռագիր մեր երկրի կրթական համակարգում եւ միջազգային կրթական տարածքում։ Ավելին, մենք դառնում ենք երկրի ագրոպարենային համակարգի ընդհանուր զարգացման «ալեհավաքն» ու շարժիչ ուժը։
Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ մենք միասին, համատեղ ջանքով ու մտքով կկարողանանք շարունակել պատվով կրել պատասխանատվության այս ահռելի բեռը։ Դա անելու համար մենք ունենք բոլոր նախադրյալները եւ, անշուշտ, մեր հատուկ նպատակը, որը շատ նման է այն նպատակին, որ ժամանակին իր առջեւ դրել էր Խրիմյան Հայրիկը՝ գրելով իր դարաշրջանային «Պապիկ եւ թոռնիկ» վեպը․ «․․․Իմ սիրելի գյուղացի ժողովուրդ, որ դու քո հայրենատուր հողն ու դաշտը սիրես, եւ երբեք չբաժանվես, գիտենալով, որ քո կյանքը հողն է եւ հողագործության արդար վաստակը»։
Շնորհավորում եմ արդար վաստակի տեր բոլոր մարդկանց տոնը՝ գյուղում թե քաղաքում, լսարանում, թե բուժարանում, ծփացող արտերում, թե ագրոտեխնոլոգիական հրաշքներ արարող հանգույցներում։
Հայրենանվեր աշխատանքով արժանի լինենք մեր անմահացած հերոսների հիշատակին՝ խիզախելով յուրաքանչյուրս մեր աշխատատեղում։