Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ուսանողների հետ մասնակցում է համազգային ծառատունկին

Կիրակի օրը՝ ապրիլի 25-ը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր համազգային ծառատունկի օր: Այդ օրը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ընդհանուր առմամբ մեր երկրում տնկվել է շուրջ 300 000 ծառ:

Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, Ագրարային համալսարանի ուսանողներից եւ դասախոսներից բաղկացած 40-հոգանոց խումբը ծառատունկ է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում:

«Միայն որպես ապագա ագրոնոմներ չէ, որ մենք սիրով մասնակցում ենք անտառածածկ տարածքների ավելացման համապետական նշանակություն ունեցող արշավին: Ծառատունկն առհասարակ նոր կյանքի ու վերածննդի խորհուրդն է կրում։ Սիրելով ու պահպանելով մեր բնությունը՝ կզարգացնենք մեր երկիրն ու առաջ կշարժվենք»,- ասում է Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Սարե Գալստյանը։

Կոտայքի մարզում ընդհանուր առմամբ տնկվել է 10000 ծառ, որից 1000-ը՝ Չարենցավանում: Տնկվել են սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի:

Տնկիների մեջ կան նաեւ պտղատու տեսակներ, որոնք, Ագրոնոմիականի ուսանողների ձեւակերպմամբ՝ կարող են լրացուցիչ բարիք բերել բնակչությանը: