Ռեկտորատի տարեվերջյան նիստը

Ռեկտորատի 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, քննարկվող հիմնական հարցերն էին 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակը համալսարանի ստորաբաժանումներում, նույն առարկայից (առարկաներից) 50% եւ ավելի բացակայություններ ունեցող ուսանողների հարցը (այս երկու հարցերով զեկուցողներն էին դեկանները, քոլեջների, ստարաբաժա­նումների եւ մասնաճյուղերի տնօրենները) եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի աուդիտի արդյունքների ներկայացումն ու թերությունների վերացման եւ բարելավման 6-ամսյա պլանի հաստատումը:

Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Նիստում քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ ուսման վարձերի զեղչերի հարցը եւ թեստային համակարգում առարկաների մի մասի ընդգրկման ուշացումները, որի բերումով որոշ առարկաների գծով շարունակվում են բանավոր քննությունները: Սա արժանացավ ռեկտոր Ուռուտյանի սկզբունքային գնահատականին, որն էլ հիմք դարձավ թերացող ստորաբաժանումներին նկատողություն տալու՝ ռեկտորատի որոշման համար:

Ընթացիկ հարցերի շարքում էր նաեւ Թումո կենտրոնի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների առաջիկա գործակցության մասին ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի տեղեկությունը: Հաջորդ կիսամյակում ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները կմասնակցեն Թումոյի մասնագետների ուժերով կազմակերպվող դասընթացներին, որը թույլ կտա համալսարանի նորաստեղծ բաց տարածքում կառուցել բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի եւ այլ պարամետրերի դիտարկման ավտոմատ համակարգ: