Ուսումնախորհրդատվական այցեր Տավուշի մարզ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում 2020թ. սեպտեմբերի 3-ին եւ 4-ին տեղի են ունեցել ուսումնախորհրդատվական դասընթացներ Տավուշի մարզի Նորաշեն համայնքում գործող գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների համար:

Առաջին օրվա օրակարգը նվիրված էր հատիկընդեղենների մշակության տեխնոլոգիային եւ բույսերի պաշտպանության միջոցառումներին: Դասընթացավարները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը եւ ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի  պաշտպանության ամբիոնի դոցենտ Արմինե Մանվելյանն էին: Դասընթացավարները մասնավորապես ներկայացրել են ոլոռի, ոսպի, լոբու եւ սիսեռի մշակության եւ այդ մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի տեխնոլոգիաները: Կոոպերատիվի անդամները զբաղվում են հենց այս մշակաբույսերի մշակմամբ:

Երկրորդ օրվա ուսումնատվական դասընթացը վերաբերում էր հատիկընդեղենների հետբերքահավաքային տեխնոլոգիաներին եւ փաթեթավորման միջոցներին, դասընթացավարներ՝ ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Հեղինե Մխիթարյան եւ ՀԱԱՀ Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի մասնագետ Վարդուհի Բրուտյան: Դասընթացի շրջանակում քննարկվել են հետբերքահավաքային տեխնոլոգիաների կիրառումն ու փաթեթավորման հնարավոր տարբերակները կոոպերատիվի արտադրած հատիկընդեղենների համար:

Տիգրան ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

ՀԱԱՀի եւ ՊՀԾ-ի համագործակցության նախագծի շրջանակում աշխատանքային խմբի ղեկավար

Հ.Գ. ՊՀԾ փորձագետ Տիգրան Հախնազարյանը ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ է եւ բոլորովին վերջերս՝ օգոստոսին է միացել Ագրարայինի թիմին: Նա պատասխանատու է վերոնշյալ վերապատրաստման ծրագրով նախատեսված դաշտային աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը: