ՈՒԳԸ տեխնոլոգիական բաժանմունքի գիտաժողով. ԻԱ. դարում ամենաազդու զենքը գիտելիքն է

Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ մեր համալսարանի ֆակուլտետներից ամենաջերմը, նաեւ «ամենահամեղը» տեխնոլոգիականն է: Մեծ ընտանիք են հիշեցնում՝ միասին արարում են, որոնում, ստեղծագործում, ստեղծում, միասին համտեսում են, հյուրասիրում, բաղադրատոմսեր փոխանակում: Նոր արտադրանքի համար փաթեթավորման դիզայն են երկնում: Ուրախանում են մեկմեկու հաջողություններով: Մի խոսքով, ավանդապահ, մեծ ու փոքրով, նահապետական ընտանիք՝ հաշտ, իրարով հետաքրքրվող, ուրախացող, ապրող:

Դասախոսների այս համերաշխությունը սերնդեսերունդ փոխանցվում է ուսանողներին: Խնդրեմ, Հռիփսիմե Մաթոսյանը հնդկահավի մսից մանկական նոր սննդամթերք է ստեղծել՝ «Համովիկ», իսկ անվտանգ փաթեթավորման դիզայնն արել է զուգահեռ կուրսի ուսանողուհի Էլեն Ավետիսյանը՝ Մարիետա Ավետիքյանի ղեկավարությամբ:

Մագիստրանտ Լեւոն Մովսիսյանը ճակնդեղի եւ սեւ հաղարջի անսպասելի համադրությամբ կոմֆիտյուր է պատրաստել: Ասում է՝ ճակնդեղը հակաքաղցկեղային տարրեր պարունակող գլխավոր մթերքներից է, ուստի պետք է մեծ տեղ ունենա սննդակարգում:

Ի դեպ, Լեւոնը եւ Հայկ Տիրացվյանը հունվարին են վերադարձել բանակից ու արդեն գիտական լուրջ հայտ ներկայացրին ՈՒԳԸ ֆակուլտետային նիստում:

Նիստի մեկնարկին պրոռեկտոր Կարեն Մինասյանը, ֆակուլտետի դեկանի պարտականություններ կատարող Սմբատ Դավեյանը, ՈՒԳԸ աշխատանքները համակարգող դոցենտ Աննա Դաշտոյանը արդյունավետ աշխատանք մաղթեցին մասնակիցներին: Պրոռեկտորը նշեց, որ լավագույն աշխատանքները կզեկուցվեն նաեւ համալսարանի լիագումար նիստում եւ կտպագրվեն առանձին պրակով:

Ներկայացվեց 13 զեկուցում, մեկը՝ ZOOM հարթակով եւ թեման այնքան կարեւոր էր, որ մասնակիցները պայմանավորվեցին առանձին քննարկում կազմակերպել:

Ամփոփելով նիստը, պարոն Դավեյանը նկատեց. «Բոլորը լավ գիտակցում են ուսանողական գիտաժողովի դերը: Սա լուրջ հարթակ է, որ լավագույն ուսանողները ներգրավվեն հետազոտական գործընթացի մեջ: Սա առողջ սերնդափոխության տրամաբանական ընթացքն է: Ֆակուլտետի բոլոր ամբիոնները մասնակցում էին, եւ միջամբիոնային կապի գերազանց օրինակներ ցույց տվեցին: Դեկանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին՝ ուսանողների հետ համակարգված, կայուն, հետեւողական աշխատանքի համար: