Նարինե Հովհաննիսյանի դասախոսությունը Պլեխանովի համալսարանի ուսանողների համար

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը Webinar.ru հարթակում ուղիղ տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (Մոսկվա) Հատիկա-ալրային եւ հրուշակեղենային մթերքների ապրանքային մենեջմենթ եւ փորձաքննություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը նախաձեռնել էր վերոնշյալ բուհի արտաքին կապերի դեպարտամենտը եւ Առեւտրի էկոնոմիկայի եւ ապրանքագիտության ֆակուլտետի ղեկավար Ալեքսանդրա Ուտկինան:

Տիկին Հովհաննիսյանի ներկայացրած թեմաները բաղկացած էին 3 մոդուլներից՝ ընդհանուր տեղեկություններ սննդամթերքների դասակարգման եւ կազմության վերաբերյալ, բուսական ծագման ֆունկցիոնալ նշանակության մթերքների տեխնոլոգիաների մշակման սկզբունքներն ու պահանջները, օրգանական վերամշակման առանձնահատկությունները եւ նորմատիվ կարգավորումները:

Շուրջ մեկուկես ժամ տեւած դասախոսության ընթացքում ուսանողները բավականին ակտիվորեն մասնակցեցին դասին՝ հնչեցնելով իրենց հետաքրքրող տարբեր հարցեր եւ դասախոսից ստանալով սպառիչ պատասխաններ:

Հրավիրող կողմն իր գոհունակությունն է հայտնել տրամադրած մասնագիտական տեղեկատվության եւ նյութերի համար: ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտը նույնպես շնորհակալություն է հայտնում հրավերի համար եւ հաստատում է համագործակցությունը նաեւ այլ ձեւաչափերով շարունակելու առաջարկը:

Դեպարտամենտը գոհուհանկություն է հայտնում մեր այն դասախոսների գործելակերպի առումով, որոնք, թեկուզեւ հեռավար եղանակով, ակտիվորեն մասնակցում են արտերկրի տարբեր գործընկեր համալսարաններում կազմակերպվող բաց դասերին եւ հրավիրյալ դասախոսություններին: Բացի մեր, մասնավորապես՝ երիտասարդ դասախոսների մասնագիտական առաջընթացից ու գործընկերային ցանցի ստեղծումից, սա դրականորեն է ազդում նաեւ մեր համալսարանի հեղինակության վրա։