Հայրենիքի պաշտպան զինվորը պետք է համոզված լինի, որ թիկունքն ամուր է, որ կանայք ու երեխաները կրակագծից հեռու պաշտպանված ու խնամված են, որ մատակարարման հոգսերը կանոնավոր ու հստակ իրագործում են պատասխանատուները:
Ագրարայինցիները հավասարապես կարեւոր մասնակցություն ունեն եւ առաջնագծում, եւ թիկունքի աշխատանքների կազմակերպման հարցերում: Ցավոք, հաղթանակի բագինին արդեն թանկ գին ենք վճարել… մեր առյուծասիրտները՝ Սարգիսը, Սուրենը, Արսենը, Սասունն այլեւս անմահ են…
Ուսխորհրդի անդամների նախաձեռնությամբ շատ արագ կազմակերպվեց առաջին անհրաժեշտության պարագաները առաջնագիծ ուղարկելու գործը: Ուսանողները դասերից հետո գրեթե ամեն օր հանդիպում են Արցախից Երեւան տեղափոխված երեխաներին, ջանում են ցրել նրանց մանկության անհոգությանը փոխարինած թուխպը, մղձավանջը:
Ագրարայինցիների աշխատավարձի ֆոնդից կանոնավոր փոխանցումներ են կատարվում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, եւ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կլինի:
Արդեն մի քանի օր է ուսանողները կամավորներ են դարձել նաեւ այն ընկերություններում, որոնք սննդամթերքի չափաբաժին-փաթեթ են պատրաստում Երեւանում հանգրվանած արցախցիների համար:
Միասնաբար #հաղթելուենք