Թագաժահրի (կորոնավիրուսի) համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը կրթության ոլորտին հարկադրում է գործել անսովոր օրակարգով․ դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման։ Ճգնաժամի պայմաններում որոշիչ նշանակություն է ձեռք բերել կրթական հաստատությունների տեխնոլոգիական պատրաստությունը։ Այս առումով, շնորհիվ ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային առավելություն ապահովող մասնագիտական արժեքավոր փորձի եւ արտակարգ իրավիճակներում առավելագույն արդյունավետությամբ աշխատելու կարողության՝ մեր համալսարանը հայտնվել է առաջատարների շարքում։
ՏՏ կենտրոնի հիմնադիր տնօրեն Վաչագան Մելքոնյանի հետ հարցազրույցը մանրամասնում է հեռավար ուսուցման մեր փորձն ու գործելակերպը։
– Պարոն Մելքոնյան, հայտնի է, որ հեռավար ուսուցման գործիքներից մասնավորապես Moodle հարթակը վաղուց է օգտագործվում Ագրարային համալսարանում․ մենք որքանո՞վ էինք պատրաստ հարթակը կիրառել արտակարգ իրավիճակում։
– Moodle հարթակը ՀԱԱՀ-ում ներդրել ենք 7 տարի առաջ, սակայն դա փորձնական էր եւ ներառում էր ընդամենը շուրջ 45 դասախոսություններ, ընդ որում՝ դրանցից մեր դասախոսները օգտվում էին կամընտրական հիմունքներով։ 2018թ․-ի վերջին – 2019-ի սկզբին, հետեւելով նորընտիր ռեկտորի այն մոտեցմանը, որ վաղ թե ուշ մեզ անհրաժեշտ կլինի անցնել հեռավար ուսուցման, մենք համակարգում ներառեցինք մեծաթիվ դասախոսություններ, սեմինարներ եւ թեստեր՝ որպես բակալավրիատի, մագիստրատուրայի եւ քոլեջի ուսումնառության պարտադիր բաղադրիչ։ Պետական բուհերից Ագրարայինը առաջինն էր, որ գործարկեց Moodle հարթակը, ընդ որում այդ պահին հարթակը արդեն երկար տարիներ լիարժեքորեն գործում էր միայն մեր Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում եւ հատուկենտ բուհերում։
Հարթակը հնարավորություն է տալիս դասախոսին օպերատիվ և առցանց եղանակով շփվել ուսանողների հետ, հանձնարարություններ տալ եւ ղեկավարել ուսուցման ամբողջ գործընթացը։ Մեր Էլեկտրոնային ուսուցման հարթակը կարող է ծառայել 2 տարբերակով. առաջին՝ համատեղելով ավանդական դասագործընթացը էլուսուցման հետ, եւ երկրորդ՝ ամբողջությամբ հեռավար, որը ներառում է թե՛ դասընթացներն ու էլեկտրոնային նյութերը, թե՛ հանձնարարություններն ու քննարկումները և թե՛ քննությունների անցկացումը, ինչպես նաեւ մի շարք այլ բաղադրիչներ։
Ճգնաժամը էապես փոխեց համալսարանում արդեն գործող eBuh համակարգի դերն ու նշանակությունը եւ հարկադրեց զուգահեռաբար կիրառել նաեւ այլ գործիքակազմ, օրինակ՝ zoom.us հարթակը՝ ուսումնական գործընթացի ամբողջական կառավարումը եւ առհասարակ բուհի գործունեությունը բնական պայմաններին առավելագույնս մոտարկելու նպատակով։ Ի դեպ, eBuh համակարգի կիրառման առումով նույնպես մենք սկսնակ չէինք, փոքրաթիվ բուհերի շարքում ենք, որ համակարգը լիարժեքորեն օգտագործել ենք նախաճգնաժամային ժամանակաշրջանում՝ արդեն մեկուկես տարի։
Տեղին է արժեւորել նաեւ ՀԱԱՀ-ի էլեկտրոնային հարուստ գրադարանի, ինչպես նաև KOHA էլեկտրոնային գրադարանային համակարգի դերը, որոնցում զետեղված են 1100 գրքեր եւ շուրջ 500 մեթոդական ուղեցույցներ։ Սրանք առցանց բաց ռեսուրսներ են, որոնք օգտագործման համար հասանելի են ոչ միայն մեր համալսարանի, այլեւ այլոց համար։
– Ինչպե՞ս է ընթանում հարթակները համալսարանի դասախոսների եւ ուսանողների սեփականությունը դարձնելու գործընթացը։ Ենթադրելի է, որ այն պահանջել եւ պահանջում է արտակարգ ջանքեր, ստորաբաժանումների պատասխանատուների եւ դասախոսների հետ աշխատանքի նոր «չափուկշիռ»։
– Սերտորեն աշխատելով դեկանների հետ՝ մենք մեկ շաբաթվա ընթացքում համալրացինք Moodle-ի բովանդակած տեղեկատվությունը և այժմ ունենք նյութերի 98 տոկոս զետեղվածություն։ Ուսանողները համակարգի շնորհիվ հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել ուսումնական նյութերից, այլեւ պատասխանել դասախոսների հարցերին, շուտով՝ նաեւ ստուգարքներ հանձնել յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ։ Բոլոր ուսանողները Moodle-ում ունեն իրենց օգտահաշիվները եւ գաղտնաբառերը, ընդ որում դասախոսը կարողանում է հետեւել յուրաքանչյուր ուսանողի աշխատանքին։
Զուգահեռաբար նաև օգտագործում ենք zoom.us հարթակը։ Եթե նախկինում ուսանողներին պարզապես խորհուրդ էինք տալիս օգտվել այս հարթակից դասախոսների արտաժամյա խորհրդատվության համար, ապա այժմ այն դարձել է ուսումնառության առօրյայի կարեւոր մաս, հատկապես դասախոսների հետ «հանդիպումների» ու քննարկումների առումով։ Հարթակում ներառված էլեկտրոնային գրատախտակը եւ մյուս գործիքակազմերը թույլ են տալիս ամբողջացնել դասավանդման եւ ուսումնառության գործընթացը՝ հնարավորինս արդյունավետ դարձնելով այն։
Ի պատիվ մեր ուսանողների, պետք է նշեմ, որ նրանք շատ արագ գրանցվեցին եւ առհասարակ խանդավառությամբ եւ հմտորեն են օգտվում էլեկտրոնային ուսուցման նոր հնարավորություններից։ Ուզում եմ նշել նաեւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության թիմի լավ աշխատանքը, որ ՏՏ կենտրոնի հետ համատեղ իրականացնում է գործընթացի պատշաճ վերահսկողություն։
Ինչ վերաբերում է դասախոսներին, գաղտնիք չէ, որ նրանցից շատերը չէին տիրապետում հեռավար ուսուցման գործիքակազմին, ուստի պետք էր արագացված վերապատրաստում իրականացնել։ Թույլ տվեք նկատել, որ այս հարցում մեր կենտրոնը ցուցաբերեց արտակարգ իրավիճակում արագ արձագանքման մասնագիտական կարողականություն եւ բարձր պատասխանատվություն։ Մենք շատ արագ կազմեցինք Moodle-ի 5 եւ zoom.us-ի 3 ուղեցույցներ, որոնք, ի դեպ, դարձան ոչ միայն մեր դասախոսների սեփականությունը, այլեւ դրանք իրենց ցանցերում տարածեցին ոլորտի մի շարք շահակիցներ, ներառյալ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որը այս օրերի ընթացքում բավականին մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեց այս բնագավառում եւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
Այս պահին Moodle համակարգում գրանցված է ավելի քան 5500 օգտատեր։ Համակարգում ներբեռնված է 4256 դասընթաց։ Էլետրոնային հարթակներից օգտվելու համար վերապատրաստում է անցել շուրջ 600 դասախոս։
– Հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպման առաջին փուլի դժվարությունները առերեւույթ անցյալում են․ ի՞նչ ընթացիկ դժվարությունների եք հանդիպում գործընթացի ներկա փուլում։
– Հեռավար կրթությունը շատ բաղադրիչներ եւ յուրահատկություններ ունի։ Գործընթացի կազմակերպման եւ իրականացման ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք այս պահին դեռեւս դժվար կամ անհնարին է լուծել։ Այդպիսի օբյեկտիվ դժվարություններից է, օրինակ լաբորատոր գործնական պարապմունքների կազմակերպումը․ սա նաեւ որպես դասախոս եմ նշում։ Խնդրահարույց էր նաեւ այն, որ որոշ դասախոսներ դժվարանում էին հարթակներից օգտվել։ Այստեղ անհրաժեշտ եղան մեր կենտրոնի աշխատակիցների, դեկանների ջանքերը եւ, անշուշտ, ուսանողների ոգեւորությունը, որը նույնպես իր դերը խաղաց եւ խաղում է՝ դժվարություններ ունեցող դասախոսներին նոր իրականություն «բերելու» հարցում։
Մեր գնահատմամբ, որը կատարել ենք չափելի պարամետրերի օգտագործմամբ, բուն դասավանդման գործընթացն իրականացնում ենք 90 տոկոսով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սա կարելի է շատ լավ ցուցանիշ համարել։
– Ինչպիսի՞ն է հեռավար ուսուցման իրավիճակը համալսարանի մասնաճյուղերում, քոլեջում եւ վարժարանում։
– Փորձում ենք էլուսուցման հարթակները հասանելի դարձնել Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերում։ Ա․ Քոչինյանի անվան քոլեջի համար Moodle հարթակում տեղադրված են համապատասխան էլեկտրոնային ռեսուրսները, ընդ որում էջը բաց է, եւ դրանից օգտվելու հնարավորություն ունեն թե մասնաճյուղերի եւ թե Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մանկավարժներն ու սաները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քոլեջի եւ վարժարանի մանկավարժական հանրույթներն ու սաները խանդավառությամբ եւ արտակարգ պայմաններում աշխատելու կարողությամբ չեն զիջում համալսարանականներին։
– Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամի պայմաններում աշխատելու մեր կարողականությունը եւ ճգնաժամից հետո բնականոն ուսումնական գործընթացը հաջողությամբ շարունակելու մեր պաշարը՝ տեխնոլոգիական առումով։
– Տա Աստված, որ նորահայտ վարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը շուտ ավարտվի։ Սակայն դեռեւս շարունակվող ճգնաժամի պայմաններում Ագրարային համալսարանը հնարավորություն է ստանում առավել արդյունավետ օգտագործելու իր մրցակցային առավելությունը, եթե կուզեք՝ հաղթաթուղթը․ դա eBuh համակարգի լիարժեք տիրապետումն ու կիրառումն է։
Հեռավար եղանակով դասագործընթաց անցկացնելը բուհի կամ դպրոցի գործունեության մի բաղադրիչն է միայն, իսկ լիարժեք ուսումնական գործընթաց եւ առհասարակ համալսարանի գործունեության կառավարման առումով մեզ օգնության է գալիս բուհի կառավարման eBuh ավտոմատացված համակարգը։ Այն մեզ հնարավորություն է տալիս արդյունավետորեն կազմակերպել ու վերահսկել ուսումնական ամբողջ գործընթացը՝ սկսած ուսանողների շարժից, ուսանողի բազմագործոնային գնահատումից (հաճախում, ակտիվություն, ինքնուրույն աշխատանք եւ քննություն) մինչեւ ամբիոնների ծանրաբեռնվածության վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերը, էլեկտրոնային ուսումնական պլանները եւ ուսանողի ու դասախոսի մասին ամբողջական տվյալները։
Վստահ եմ, որ արտակարգ դրությունից հետո մենք շարունակելու ենք հեռավար ուսուցման գործելակերպը՝ որպես դասավանդման եւ ուսումնառության գործընթացի կարեւոր մաս, նորօրյա գործիք, որը մասնավորապես գալիս է փոխարինելու հեռակա ուսուցման համակարգին։
– Այս օրերին մամուլում անընդհատ տարածվում են նյութեր տարբեր էլեկտրոնային հարթակների ու Հայաստանում ստեղծվող նոր գործիքակազմերի վերաբերյալ: Այս մրցավազքի շնորհիվ էլեկտրոնային կրթության բնագավառում երկիրը կարող է ունենալ նոր ձեռքբերումներ: Հաջողություն մաղթելով մեր գործընկերներին, այնուամենայնիվ, տպավորություն կա, որ որոշ դեպքերում նկատվում են «ֆալստարտի»՝ կեղծ մեկնարկի տարրեր:
– Միանում եմ գործընկերների հաջողության մաղթանքին․ ի վերջո մենք բոլորս նույն նպատակին ենք ծառայում։ Սակայն կարևոր է նաև նշել ոչ միայն հարթակների առկայությունը, եզակիությունը կամ առաջինը լինելը, այլև ուշադրություն դարձնել կարևոր խնդրի՝ օգտագործման մասշտաբներին և հարթակներում տեղեկատվության ընդգրկման ծավալներին: Այս առումով տարբերությունն ակնհայտ է․ նոր կյանք առնող շատ հարթակներում զետեղված է 100 կամ 200 դասախոսություն այն դեպքում, երբ մեր Moodle հարթակում դրանց քանակը հասնում է ավելի քան 4200-ի, և սա, ի դեպ, մեկ կամ երկու ամսվա աշխատանք չէ:
Ինչպես արդեն նշել եմ, մեր համալսարանում Moodle-ն օգտագործվում է տարիներ շարունակ, իսկ 2018-ի վերջից դարձել է ուսումնագործընթացի պարտադիր բաղադրիչը։ Կարծում եմ, մենք ոչ թե առաջինը երեւալու ցանկությամբ պետք է առաջնորդվենք, այլ պարզապես շարունակենք լինել առաջատար։
– Առաջատար լինելը պատիվ ու պատասխանատվություն է որեւէ ոլորտում։ Ստեղծված ոչ սովորական իրավիճակում չի կարելի չնշել ՏՏ կենտրոնի աշխատակիցների շնորհակալ ու ծանր աշխատանքը։ Համալսարանի ամբողջ հանրույթը շնորհակալություն է հայտնում կենտրոնի հրաշալի թիմին, որը ճգնաժամի առաջին օրերի ցերեկ–գիշեր ծանր ռեժիմից հետո, Ձեր հմուտ ղեկավարությամբ շարունակում են աշխատել առանց հանգստյան օրերի՝ ապահովելով արտակարգ ռեժիմում համալսարանի բնականոն հեռավար գործունեությունը։ Ավելին, մերոնք նաեւ օգնում են կրթության ոլորտի բազմաթիվ գործընկերների ու շահակիցների՝ իրենց հաստատություններում հեռավար կրթության գործընթացը հնարավորինս սահուն կազմակերպելու համար։
– Շնորհակալ եմ եւ առիթն օգտագործելով ես նույնպես իմ երախտագիտությունն եմ հայտնում թե մեր թիմին եւ թե համալսարանի դեկաններին, այլ ստորաբաժանումների ղեկավարներին, նոր իրավիճակում աշխատելու մեծ ցանկություն ու կարողություն դրսեւորող դասախոսներին և անշուշտ մեր ամենակարեւոր գործընկերներին՝ մեր սիրելի ուսանողներին։
Ուրախ եմ, որ առանձին ֆակուլտետների հետ եւ առանձին գործընթացների համար ենթաթիմերով աշխատելու մեր ոճը, արդյունքի համար հստակ պատասխանատվություն սահմանելը արդարացված են եւ տալիս են իրենց պտուղը։ Մենք շարունակում ենք աշխատել հիմնականում տնից, իրականացնելով նաեւ հերթապահություն։ Առաջիկայում շարունակելու ենք զարգացնել մեր գործիքակազմերը և առհասարակ հեռավար ուսուցման այս մշակույթի բովանդակությունը՝ զուգահեռաբար առցանց վերապատրաստման դասընթացներ կազմակերպելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու աշխատակիցների համար: