Ջերմեռանդ, աշխույժ, աշխատասեր, ասող-խոսող Ջուլիետա Թադեւոսյանը կանգնած է եղել Կադաստրի կոմիտեի ստեղծման ակունքներում: Ստեղծվող նոր համակարգի կայացման համար հսկայական աշխատանք էր սպասվում, պետք է ամբարվեին ճշտված, թարմացվող հիմնարար տվյալներ:
ՀԱԱՀ-ի 1985թ․-ի շրջանավարտ տիկին Ջուլիետան գործնական աշխատանքի մեծ փորձառություն ունի․ սկսել է Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության եւ ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտից, հետո երկար տարիներ հողաշինարար-մելիորատոր է եղել Նաիրիի շրջանում: Հետագայում Կադաստրի կոմիտեում մասնակցել է պետական հողերը համայնքներին անհատույց փոխանցելու գործընթացին: Հիմա ԿԿ-ի հաշվառման եւ հողաշինարարության վարչության հաշվառման բաժնում գլխավոր մասնագետ է:
Հիշում է՝ երազում էր Պոլիտեխնիկ ընդունվել, հանգամանքների բերումով սննդի արդյունաբերության տեխնիկումի սան դարձավ: Փայլուն էր սովորում, փորձուսուցման շրջանում աչքի էր ընկնում ջանասիրությամբ: Նույնիսկ նորարարական առաջարկություն է արել ու դրամական խրախուսանքի արժանացել:
Հետո ընդունվեց Ագրարայինի, այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետ։ «Սիրով եմ հիշում բոլոր դասախոսներիս՝ Ռեւիկ Հարությունյանին, Արմենակ Խաչատրյանին, Սերգեյ Երիցյանին: Բոլորին»: Անմոռանալի հուշերից մեկը խստապահանջ, գնահատելիս՝ «գծուծ» պրոֆեսոր Գերասիմ Դավթյանի քննությունից ստացած գերազանց գնահատականն է․․․
Կադաստրային «բավիղներում» տիկին Ջուլիետան ոչ միայն չի մոռացել ագրոնոմի իր կոչման մասին, այլեւ սեփական ձեռքերով հիմնել է դրախտային այգի, ջրել սեփական քրտինքով, հոգի ու սեր ներդրել։ Եւ այգին պատասխանում է նույն սիրով․ «Ծառն էլ մարդու պես է, անցյալ ունի՝ արմատներ: Ապագա ունի՝ վերընձյուղվող ճյուղեր: Ունի տրամադրություն եւ ամենահավատարիմ, ամենաուշիմ ու անդավաճան զրուցակիցն է»: