Մերոնք միջբուհական դասախոսական մարզական խաղերում

«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերին 13 բուհերի թվում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը՝ մի քանի մարզաձեւերից: Ֆիզկուլտուրայի եւ այլ ամբիոնների դասախոսներից կազմված թիմը բավականին հաջող է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացված խաղերում:

Այսպես, հրաձգության թիմը (Հայկ Կիրակոսյան, Արսեն Բեգլարյան, Լուսինե Երիցյան) գրավել է պատվավոր 2-րդ տեղը: Ընդ որում, Արսեն Բեգլարյանը անհատական պայքարում գրավել է 3-րդ պատվավոր տեղը:

Բադմինտոնի առաջնությունում Էմմա Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ Արմեն Ակոպովը և Հայկ Կիրակոսյանը՝ համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը: Հայկ Կիրակոսյանն ու Արշակ Վարդանյանը 4-5-րդ տեղն են գրավել սեղանի թենիս մարզաձեւում:

ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, պրոֆեսոր Սուրեն Հակոբյանն, ընդհանուր առմամբ, գոհ է մեր թիմի արդյունքներից: «Ավանդաբար ամեն տարի մեր բուհի թիմը տարբեր մարզաձեւերից պատվավոր տեղեր է գրավում, ընդ որում, վերջին 5 տարիներին կայուն արդյունքներ ենք գրանցում. ապացույցը այս բոլոր մրցանակներն են», – ասում է պարոն Հակոբյանը եւ ցույց տալիս տարբեր մարզաձեւերից մեր դասախոսների նվաճած գավաթներն ու պատվոգրերը:

Ամբիոնի վարիչն ափսոսում է, որ այս տարի մենք չենք մասնակցել շախմատի առաջնությանը, մարզաձեւ, որն ավանդաբար մեր համալսարանին բերել է 1-ին կամ 2-րդ մրցանակ: