ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն օրերս Թումո կենտրոնում մասնակցել է հայաստանյան համալսարանների հետ Եվրոպական Միության Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ գիտահետազոտական ինստիտուտների եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
Թումո լաբորատորիաների նոր կրթական նախագիծը վերաբերում է STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության ոլորտին: Նախագծին ծանոթանալուց հետո մասնակիցները քննարկել են այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորությունները: ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո համալիրը համագործակցության հանգույց է լինելու բուհերի, գործարար ոլորտի եւ հետազոտողների համար:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը: Փոխնախարար Անափիոսյանի խոսքով, Թումո լաբորատորիաների աշխատանքներին մասնակցելով՝ ուսանողները միաժամանակ գործնական հետազոտական հմտություններ ձեռք կբերեն եւ կունենան պատրաստի նախագիծ: «Բացի այդ, Թումո համալիրում կգործի ընդհանուր տարածք, որտեղ համալսարանները կկարողանան փոխանակել իրենց հետազոտական փորձը եւ սարքավորութմները», – նշել է տիկին Անափիոսյանը:
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի խոսքով, Թումո լաբորատորիաների հաջողությունը կախված է այն բանից, թե այն ինչպես կինտեգրվի տեղի ակադեմիական ու տեխնոլոգիական համայնքում:
Արման Սիմոնյանի փոխանցմամբ, Թումո լաբորատորիաների կրթական ծրագիրն ու դիմումների ընդունումը կմեկնարկի 2020 թվականի հունվարին: Նախագծին կարող է մասնակցել 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք:
- 13/12/2019
- 2019