Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքում օրերս մեկնարկել է «բաց տարածքի» ոճի համալսարանական սրահի շինարարությունը, որը ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծման շարունակական ջանքերի հերթական կարեւոր հանգրվան է։
Սրահի կառուցումը աշխարհի առաջատար համալսարանների օրինակով կրթական միջավայրի բարելավման եւ ուսանող-համալսարան, ուսանող-դասախոս կապի ամրապնդման արդյունավետ լուծում է։ Ժամանակակից գրադարանները, թեմատիկ ակումբները, «լոֆթ» և «բաց տարածք» ձևաչափով սրահները նպաստում են ուսանողների՝ սովորելու ձգտմանը եւ ստեղծարար մտածելակերպի ու հմտությունների ձեւավորմանը։
ՀԱԱՀ-ի աջակցության հիմնադրամի (տնօրեն՝ Միսակ Ղարագյոզյան) այս նախաձեռնությունն աջակցելու պատրաստակամություն է հայտնել Արդշինբանկը։ Ընդամենը 6,360․000 դրամի շինվերակառուցողական եւ կահավորման աշխատանքների ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 5 միլիոնը, ստանձնել է Արդշինբանկը։ Բաց տարածքն իր հարմարավետ միջավայրով ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, թիմաստեղծ աշխատանքներ եւ տարաբնույթ այլ միջոցառումներ իրականացնելու լավագույն վայր։
Նախատեսվող միջոցառումները ներառելու են ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված դասընթացներ, որոնք կանցկացնեն ֆինանսաբանկային ոլորտի հրավիրյալ մասնագետները, այդ թվում Արդշինբանկի մեր գործընկերները։
«Այս նախագծի իրականացումը մեր գործընկեր Արդշինբանկի կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավ օրինակ է, որի համար մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ արդյունքները երկար չեն սպասեցնի», – ասում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։