Հայաստանին եւ բազմաթիվ այլ երկրներին պատուհասած կորոնավիրուսի հաղթահարման մարտահրավերը մարդկությանը ստիպում է լրջորեն վերանայել պետական քաղաքականությունները, հասարակական վարքը եւ, որ թերեւս առավել կարեւորն է՝ վերաբերմունքը բնության հանդեպ։
Անտառների միջազգային օրը ՝ մարտի 21-ը մայր բնությանը վերադառնալու, նրան ապավինելու եւ նրա միջոցով մեր կենսական ուժերը հզորացնելու խորհրդանշական ու կարեւոր օր է։ Ագրարային համալսարանը պատրաստվում էր տոնը նշել օրվա խորհրդին պատշաճող միջոցառումներով, սակայն ճգնաժամի պատճառով դրանք չկայացան։ Իրավիճակն, այսուհանդերձ, մեզ պետք է միավորի առհասարակ բնության եւ մասնավորապես անտառի պաշտպանության, պահպանության եւ վերականգնման հրամայականի շուրջ։
Անտառների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության ոլորտի բոլոր աշխատողներին՝ անտառապահներին, գիտնականներին, մասնագետներին, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության պատասխանատուներին, Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերներին, անտառը հասկացող, սիրող ու պաշտպանող յուրաքանչյուր անհատի։
Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ մեր համալսարանի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ամբողջ թիմին եւ իհարկե ոլորտի ապագա պատասխանատուներին՝ մեր ուսանողներին։ Մեր գործընկերների աջակցությամբ եւ ՀԱԱՀ ուսանողների գործուն մասնակցությամբ մեր մասնագետները սկսում են իրականացնել անտառվերականգնման աննախադեպ ու ապագայամետ ծրագրեր։
Վստահ եմ, որ ինչպես մեր բազմաթիվ այլ նախագծեր ու ծրագրեր, այս ծրագրերը նույնպես հաջողությամբ ենք իրագործելու՝ ի հեճուկս ճգնաժամային իրավիճակների եւ ի բարօրություն բնության ու մարդու։