Արցախյան վերջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած երեք ուսանողների հետ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանդիպումը ջերմ էր եւ սրտառուչ: Արսեն Մարգարյանի, Գագիկ Դավթյանի եւ Էմին Երիցյանի հետ պարոն Ուռուտյանը զրուցեց նախ պատերազմի եւ ապա խաղաղության մասին: Պատերազմական դրվագներին եւ համալսարանական կյանքին նրանց յուրաքանչյուր անդրադարձ բացահայտում էր իրենց վառ անհատականությունը որպես պրոֆեսիոնալ ու գիտակ զինվորի, Հայրենիքն ամենից վեր դասող քաղաքացու եւ իհարկե Ագրարային համալսարանի նվիրյալ ու խելացի ուսանողի:
Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տղաներին՝ կատարած սխրանքի, ցուցաբերած արիության ու սառնասրտության, իրենց ծնողների, համայնքների, Ագրարային համալսարանի եւ Հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար: «Վստահ եմ, որ պատերազմական անօրինակ թոհուբոհով անցնելուց հետո, այժմ առավել քան երբեւ դուք գնահատում եք այն ամենն, ինչ ունենք եւ պիտի զարգացնենք ու հզորացնենք միասին՝ նաեւ հանուն ձեր անմահացած ընկերների», – ասաց պարոն Ուռուտյանը:
Ինչ վերաբերում է տղաների սխրանքը գնահատելուն (Արսենը խոցել է թշնամու երկու ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ, Գագիկն ու Էմինը՝ երեքական տանկ), նրանք իրենց գնահատված են զգում ոչ միայն ստացած պետական բարձր պարգեւի, այլեւ Հայաստանում, եւ Սփյուռքում հայ մարդկանց կողմից բարոյական մեծ խրախուսանքի արժանանալու շնորհիվ:
Մեր հերոսների համբավը հասել է նաեւ օվկիանոսից այնկողմ ապրող մեր հայրենակիցներին. մասնավորապես Կանադայի Օնթարիո նահանգի Գուելֆ քաղաքից Գրեգ Բազբազյանը բարձր գնահատականի արժանացրեց տղաների սխրանքը՝ դրամական օժանդակության տեսքով, որը սիրով փոխանցեց պարոն Ուռուտյանը: Գրեգ Բազբազյանը, որ 1978թ.-ին իր եղբոր հետ հիմնադրել է Գուելֆում հայտնի «Քնար» ոսկերչական խանութը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ բարեկամացել է, երբ վերջինս հետասպիրանտական ծրագրով սովորում էր Գուելֆի համալսարանում:
Բովանդակալից ու հետաքրքիր զրույցի ավարտին ռեկտորը տղաներին սիրով նցիրեց մեր համալսարանի այցեքարտը դարձած «Սերունդ» գինին: