Հյուրընկալեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Էլիսոնին

Ագրարային համալսարանի ռեկտոր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտորի պաշտոնակատար, Հումանիտար եւ հասարակական գիտությունների քոլեջի դեկան, պրոֆեսոր Բրայան Ա․ Էլիսոնին։ Քննարկվել են Ագրարային համալսարանի եւ Ամերիկյան համալսարանի միջեւ բազմակողմանի գործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։

Պրոֆեսոր Էլիսոնը հետաքրքրությամբ դիտեց մեր համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն ու բաց տարածքի ոճով նոր ընթերցասրահը՝ հնարավորություն ունենալով հետեւելու, թե ինչպիսի ինտենսիվությամբ եւ արդյունավետությամբ են ուսանողներն օգտագործում այս նոր ենթակառույցները։

ՀԱԱՀ-ի նոր եւ նորացվող ենթակառույցներն ու ուսումնափորձնական տնտեսությունները, մարդկային կապիտալի հետ միասին, տեխնոլոգիատար ուղղություններում Ամերիկյանի համալսարանի հետ համատեղ նախագծեր իրականացնելու մեծ ներուժ են ներկայացնում։

Որպես առաջիկա անելիք, երկու բուհերի ղեկավարների պայմանավորվածության համաձայն, համատեղ սեմինար կկազմակերպվի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության եւ ներդրումային միջավայրի բարելավման եւ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումների խթանման թեմաներով։