ՀԱԱՀ Բույսերի գենոֆոնդի եւ սելեկցիայի հետազոտական կենտրոնի (տնօրեն` գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյան) գիտաշխատողներն ավարտել են հացաբույսերի (ցորեն, գարի, ցորենաշորա) նոր, հեռանկարային գծերի բերքահավաքը:
Հունիս-հուլիս ամիսներին իրականացվել են նաեւ արշավախմբային ուսումնասիրություններ՝ Երեւանի ֆլորիստիկական շրջանում (Աբովյանի եւ Նաիրիի տարածաշրջաններ) օգտակար բույսերի աճելավայրերի ճշտման նպատակով: Հետագայում կկազմակերպվի այդ բույսերի սերմերի հավաք երկարաժամկետ (-18°C) պահպանության եւ կուլտուրականացման նպատակով: Ex situ հավաքածուի նմուշների բնութագրական տվյալները մուտքագրվել են կենտրոնի էլեկտրոնային շտեմարան:
Հիշեցնենք, որ հետազոտական այս կենտրոնը միջազգային բավականին լայն ճանաչում ունի: Արտասահմանցի գործընկերների հետ Ագրարային համալսարանի գիտնականները համատեղ արշավախմբային, հետազոտական լայնածավալ աշխատանք են իրականացնում: Իսկ երջանկահիշատակ պրոֆեսոր Պապին Ղանդիլյանի հիմնած վայրի հացաբույսերի արգելոցը իր տեսակով բացառիկ լաբորատորիա է: