Երկրում հայտարարված եռօրյա սգո երկրորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՀԱԱՀ ռեկտորատի անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ՀԱԱՀ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց համալսարանի զոհված ուսանողների եւ շրջանավարտների շիրիմներին եւ անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին։
Եռաբլուր այցելությունից առաջ, օրվա առաջին կեսին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը մեկնել էին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ եւ հարգանքի տուրք մատուցել ֆակուլտետի ուսանող Դավիթ Բաղդասարյանի հիշատակին՝ նրան նվիրված խաչքար-հուշարձանի մոտ։ Պրոֆ․ Ղազարյանն ըստ արժանվույն է գնահատել Դավթին՝ որպես իսկական առաջնորդի, կազմակերպչի, գերազանց սովորող ուսանողի եւ ինտելեկտուալ ու մարզական-մշակութային մրցույթների մշտական հաղթողի։
Իրենց տարբերություններով հանդերձ, առաջնորդ ու նվիրյալ հերոսներ էին փառքով նահատակված բոլոր ագրարայինցիները՝ Հարություն Շահնազարյանը, Ռաֆայել Օվսեյանը, Զավեն Ստեփանյանը, Դավիթ Բաղդասարյանը, Դավիթ Գեւորգյանը, Վազգեն Իսոյանը, Նոյ Թեւոնյանը, Նորայր Արտեմյանը, Արսեն Եղոյանը, Արթուր Միրզոյանը, Սասուն Մովսիսյանը, Սուրեն Մուրադյանը, Ռադիկ Մանուկյանը, Յուրի Օհանյանը, Հայկ Վարդանյանը։
Ռեկտորատի անդամներն այնուհետեւ հավաքվեցին համալսարանի Փոքր դահլիճում։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի վերջին՝ դաժանագույն փուլում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակը։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հակիրճ խոսքում ցավակցություն ու զորակցություն հայտնեց հերոսների ընտանիքներին եւ ըստ արժանվույն գնահատեց նրանց սխրանքն ու ապրած կարճ, բայց խորաբովանդակ կյանքը, նրանց անմահացումը համարելով պարտավորեցում ապրողներիս՝ շենացնելու ու հզորացնելու Հայրենիքը։
Այնուհետեւ տեղի ունեցավ Ագրարային համալսարանի «Հիշատակարան» (https://memorial.anau.am/) կայքի շնորհանդեսը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանի ներկայացմամբ։ Ինտերակտիվ կայքը ներկայացնում է համալսարանի մահացած ու զոհված ուսանողների, շրջանավարտների, դասախոսների կենսագրական տվյալներն ու անցած ուղին։ Այն ոչ միայն հարգանքի ու երախտիքի տուրք է համալսարանի երախտավորների ու հանուն Հայրենիքի վաղվա օրվա իրենց կյանքը տված հերոսների հիշատակին եւ բարոյահոգեբանական յուրատեսակ լուծում հերոսների ու երախտավորների ընտանիքների ու մերձավորների համար, այլեւ ունի կրթական-դաստիարակչական կարեւոր նշանակություն։ Այս առումով, ՏՏ կենտրոնը շատ լավ գործ է արել՝ մարմնավորելով ռեկտոր Ուռուտյանի գաղափարը։ Ընդ որում, որքանով տեղյակ ենք, կայքն առաջինն է իր տեսակի մեջ։
Հավերժ փառք Հայրենիքի անմահացած հերոսներին, որ մեր ժամանակավոր վերջին նահանջի պահին իրենց կյանքի գնով դրեցին մեր հզորացման սկիզբը։