ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների համար հայրենաճանաչության հերթական լավ հնարավորությունն էր ստեղծել վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: Հայկական բանակի կազմավորման մասին էր տպավորիչ ու հետաքրքիր դաս-զրույցը, որը վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար սիրով վարեց մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հենց իր հյուրընկալ հարկի ներքո` թանգարանում։
Աշակերտների համար հետաքրքրական էր լսել 18-րդ դարի վերջերից սկիզբ առած ֆիդայական շարժմամբ ձևավորված հայկական բանակի կազմավորման մասին։ Աղբյուր Սերոբի, Քեռու, Զորավար Անդրանիկի` անգամ փոքրաթիվ զինվորներով մղած կռիվներից և տարած հաղթանակներից մինչև Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներ աներեր ու անկոտրում է մնացել հայ զինվորի ոգին։
«Որքան էլ այսօր ծանր լինեն ժամանակները և կորուստները, միևնույնն է, զինվորն ու զորավարը մնում են ճշմարիտ բարձր ազգային արժեք ու արժանապատվության խորհրդանիշ, որ դեռ պիտի նորեն բռունցքվեն և վերահաստատեն Հայկական հզոր բանակի համբավը», – համոզված է տիկին Հակոբյանը, որը հենց այս արժեքներն է սերմանում վարժարանի սաների մեջ՝ իր ղեկավարած մանկավարժական հանրույթի հետ միասին։
Երեխաները մեծ հետաքրքրությամբ են շրջել թանգարանում, դիտել ցուցանմուշները, հարցեր տվել, յուրովի մեկնաբանություններ արել և որոշել՝ Էլի են գալու, այս անգամ՝ մեր վարժարանի եւ համալսարանի լավ բարեկամ Կարո Վարդանյանի գրքերից կարդացածով ավելի հարստացած և ավելի հստակ հարցերով: